Երեւանի կենտրոնում նոյեմբերի 24-ին սպանված 32-ամյա Հովհաննես Աթանյանը ծնունդով գյումրեցի էր, ամուսնացած էր, երկու երեխաների հայր:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նրա հայրը՝ Լեռնիկ Աթանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր է:

Հովհաննեսը բարձրագույն կրթությունը ստացել էր Երեւանում, ինչից հետո մշտական բնակություն էր հաստատել մայրաքաղաքում: Քույրը նույնպես իրավաբան է, բնակվում է Կապանում, Գյումրիում բնակվում էին միայն նրա ծնողները:

NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսի մտերիմ ընկերներից մեկն ասաց, որ կատարվածը իրենց համար անսպասելի էր, քանի որ Հովհաննեսը ոչ ոքի հետ խնդիր չուներ, իսկ կասկածյալին՝ 54-ամյա Մկրտիչ Պ.-ին, Հովհաննեսի մտերիմները չեն ճանաչել, երբեք նրա մասին չեն լսել:

Հովհաննեսի մարմինն արդեն տեղափոխել են Գյումրի, որտեղ էլ նրան հողին կհանձնեն:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, սպանության կասկածանքով իրավապահները փնտրում են 54-ամյա Մկրտիչ Պ.-ին, որին դեռ  չի հաջողվել հայտնաբերել:

Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: