Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Հայկական ծրագրեր» ընկերությունը այսօր` մայիսի 31-ին լրատվամիջոցների միջոցով հայտարարություն է տարածել, որը ներկայացնումե նք ստորեւ.
«Հայկական Ծրագրեր» Ընկերությունը Հայաստանում, ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից:
Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր եւ պետական կազմակերպությունների ճնշող մասը:
Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում:
«Հայկական Ծրագրեր» ընկերությունն ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:
Մեր ընկերությունը հսկայական գումարներ է մուծել պետբյուջե եւ ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:
Ի տարբերություն շատ գործարարների, մենք հպարտանում ենք դրանով:
Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է:
Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
Հայաստանում արդեն 10 տարի գործում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Մեր գնահատականն այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:
«Հայկական Ծրագրեր» ընկերությունը ՀՀ կառավարությունից պահանջում է կազմակերպել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆինանսական եւ մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ»:
Հայտարարությունը ստորագրել է «Հայկական ծրագրեր» ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը:




























