News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայկական գիտությունն այսօր բախվել է բազմաթիվ խնդիրների հետ, որոնց լուծումը մշուշոտ է: Հայաստանում երիտասարդ գիտնականներն ավելի են քչանում, իսկ հազիվ առկայծած պատանի տաղանդները շտապում են հեռանալ երկրից` լավ ապագայի որոնումներով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը մեկնաբանել է գիտության վիճակը Հայաստանում:

Հայաստանում գիտության իրավիճակը, հատակպես հիմնարար, ողբալի է: Հիմնարար գիտության զարգացման համար ահռելի ներդրումներ են պահանջվում, նաեւ համապատասխան տեխնիկական բազա, որի ստեղծման համար տասնամյակներ կպահանջվեն: Ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը:

Ֆինանսական ասպեկտը թեեւ կարեւոր է, սակայն գոյություն ունեն առավել սկզբունքային, միմիյանց հետ փոխկապակցված խնդիրներ: Մեր ընդունակ երիտասարդությունը ավելի ու ավելի կհեռանա արտերկիր, եւ ոչ միայն ատենախոսություն պաշտպանելուց հետո, այլեւ դրանից առաջ, այսինքն, ընդունվելով արտերկրի, հատկապես ԱՄՆ-ի համալսարանների ասպիրանտուրա, մագիստրատուրա, անգամ բակալավրիատ: Երիտասարդ մասնագետների նման հոսքը վաղուց կա ասիական երկրներում, որոշ չափով Ռուսաստանում, եւ մենք էլ կարող ենք դառնալ մտավոր աշխատուժի արտահանող-երկիր: Ակնկալել, որ նրանք կվերադառնան (ոչ արձակուրդի օրերին), միամտություն է, եւ Հայաստանում կմնան կամ թույլ կադրերը, կամ «գիտությունամերձ» կարիերիստները:

Հայաստանում ակնախությունից հետո մի շարք ոլորտներում, այդ թվում գիտության մեջ, սուր զգացվեցին խնդիրները, որ կապված են մեր երկրի չափերի հետ, այն փոքր է: Առաջին, նվազեցվել են գիտական հետազոտությունների, ատենախոսությունների ստանդարտները, չափորոշիչները, փոխվել է ընդդիմախոսության ինստիտուտը եւ այլն: Երկրորդ, սկսեցին ընդհանրապես աչքի զարնել հայ հասարակությանը բնորոշ երեւույթները` գիտական չափորոշիչների նկատմամբ անձնական ծանոթությունների, համակրանքի եւ հակակրանքի գերակայությունը: Երրորդ, իր մասին զգացնում է ռեսուրսների սահմանափակությունը, ինչը լրացնում է վերը նշվածի ֆոնին:

Առանձին թեմա է գիտության կազմակերպումը: Նույնիսկ արդեն ստեղծված Գիտության պետական կոմիտեի պայմաններում, Գիտությունների ազգային ակադեմիան նախկինի պես պահպանում է նախարարության գործառույթները` իր կանոնադրությամբ, տարիքային ցենզի, ռոտացիայի բացակայությամբ, այսինքն հակասության մեջ է գործադիր իշխանության անհրաժեշտ ատրիբուտների հետ: Հատկանշական է, որ ԳԱԱ ներկայիս ղեկավարությունն անգամ մոտավոր պատկերացումներ ունի գիտության ժամանակակից միտումների մասին, էլ չասած մեջբերումների անձնական ինդեքսի, h-ինդեքսի եւ ընդունված նման չափորոշիչների մասին:

Առանց այդ խնդիրների խորը գիտակցման բարդ է խոսել գործականում ապագայի տեսլականի մասին:

Գիտության զարգացման համար շատ կարեւոր է կրթական բազան, որ արտադրում է տարրական մակարդակի մասնագետների: Որքանով է գիտնականներ աճեցնելու համար որակյալ բարձրագույն կրթությունը, որ ստանում են հայկական բուհերի շրջանավարտները:

Հայտնի ճշմարտություն է, կրթության մակարդակը որոշում է երկրի մակարդակը: Աղետալի վիճակում է հայտնվել մեր դպրոցը, ավագ դպրոցը` անհասկանալի ծրագրերով, կրկնուսուցմամբ: Անորակ բարձրագույն կրթության եւ գիտելիքներով չամրագրված դիպլոմերի արդյունքը անգետ շրջանավարտն է, ով կապերի շնորհիվ մի քանի տարի անց պաշտոնյա է դառնում եւ վճռում երկրի ճակատագիրը: Այդ օղակում ամենակարեւորը` գիտելիքներ ստանալու մոտիվացիայի բացակայությունն է: Խախտվել է հիմնական սկզբունքը` լավ կրթությունը բարձր վարձատրվող աշխատանքի գրավականն է: Այդ սկզբունքի վերականգնումը բարդագույն խնդիր է` վերը նշված իրողությունների լույսի ներքո:

Հայկական բուհերի մակարդակը զգալիորեն զիջում է արտերկրի բուհերին,եւ այդ պատճառով էլ տաղանդավոր երիտասարդների ուսման շարունակումը արտերկրում պետք է նորմա լինի, ինչպես եղել է խորհրդային ժամանակներում, բոլորը Մոսկվա էին գնում: Հարկ է հասկանալ, թե ինչպես կարելի է նրանց ներգրավել, եթե ոչ վերադառնալուն, գոնե երկրի խնդիրների լուծմանը մասնակցելուն:

Դուք եղել եք Euroscience-ի ղեկավար խորհրդի անդամ (Strasbourg, 1998-2004) Եվրոպական միացյալ գիտական տարածքի (European Research Area) ստեղծման գործընթացում: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք Հայաստանը տեսանելի ապագայում համեմատվել Արեւմուտքի հետ, եւ ընդհանուր առմամբ, բավարա՞ր են կադրերը, որ ոտքի կանգնեցվի հոգեւարքի մեջ գտնվող հայկական գիտությունը: Ինչպիսի՞ն է ԳԱԱ-ի դերը:

Բերեմ բնութագրող օրինակ: Վերջերս մենք` պրոֆեսոր Արա Սեդրակյանը, ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանն ու ես, նաեւ առանձին Երվանդ Թերզյանը (աստղագետ ԱՄՆ-ից, ԳԱԱ օտարերկրյա անդամ) դիմեցինք ԳԱԱ նախագահին` կտրուկ բացասական կարծիք հայտնելով Բյուրականի աստղադիտարանի տնօրենի ատենախոսության վերաբերյալ: Այս փաստաթուղթը կեղծ գիտական նյութ է: Գիտության մեջ սովորական են մոդելները, հիպոթեզները, որոնք ժամանակի ըթնացքում կամ հաստատվում են, կամ ոչ, եւ դա նորմալ է, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք բացարձակ անգրագիտության հետ, որը սարսափահար էր արել նաեւ Ռուսաստանի մեր գործընկերներին (ատենախոսությունը կար ինտերնետում ռուսերենով): Միեւնույն ժամանակ, ատենախոսությունը պաշտպանության էր ուղարկվել աստղադիտարանի գիտական խորհրդի կողմից, իսկ իր կեղծ գիտական հոդվածները հեղինակը տասնյակ տարիներ հրապարակել է ԳԱԱ «Աստղաֆիզիկա» հանդեսում, որի խմբագրական կոլեգիայի անդամ է եւ ինքը: Նորմալ գիտական միջավայրում նման բան բացառվում է, եւ, հետեւաբար, նման գործողությունը պետք է գնահատվի որպես արտառոց եւ անընդունելի: Ինչպես մեր ներկայացրած դիմումից առաջ, այնպես էլ հետո մեզ չհրավիրեցին այդ աշխատանքի քննարկմանը: Նշեմ, որ մենք ոչ միայն փորձագետներ ենք տվյալ ոլորտում, այլեւ առաջատար ֆիզիկական եւ աստղաֆիզիկական հանդեսների գրախոսներ ենք: Ես ինքս 2000-2010 թվականներին միջազգային ֆիզիկական հանդեսի համախմբագիր եմ եղել:

Ինչո՞ւ այդպես մանրամասն մատնանշեցի այդ դեպքը: Ի վերջո, քի՞չ են թույլ դոկտորները: Այս դեպքը որպես լակմուսի թուղթ, ցույց տվեց որակի ստուգման մեխանիզմների խախտումները` ընդհուպ գիտության եւ կեղծ գիտության «սերտաճման»: Կարող է արդյո՞ք ԳԱԱ ղեկավարությունը պատշաճ կերպով պաշտպանել երկրի գիտության շահերը, թե՞ այդ մակարդակից օգտվելու են օտարերկրյա այցելուները սեփական օգուտների համար:

Իսկ Գիտության պետական կոմիտե՞ն:

Այստեղ կա իր «բայցը»: Ինչպես հայտնի է, Արեւմուտքում աշխատող օրենքները ոչ միշտ են աշխատում մեզ մոտ: Այսպես, օտարերկյա գրախոսների ներգրավումը (բարձր է հնչում) ԳՊԿ գրանտների ստացման համար չի լուծում խնդիրը` առանց ենթատեքստն իմանալու: Օրինակ նույն նախագիծը կարող է շատ ցածր գնահատվել (օրինակ, ասենք Փրիսնթոնի չափորոշիչներում), կամ էլ հակառակը, շատ բարձր (ինչպես զարգացող երկրի համար): Եւ ԳՊԿ-ի աշխատակիցների համար հեշտ է մանեւրել գրախոսի ընտրության դեպքում` հովանավորելով «մոտիկների» գրանտներն ու մաքրելով մյուսները: Նման դեպքերում օբյեկտիվ տվյալներ են հրապարակների ցանկը բարձր իմպակտ-գործոնով, մեջբերման ինդեքսով հանդեսներով, եւ դա պետք է վճռորոշ լինի: Սակայն այստեղ էլ կան «խութեր»: Այսօր, հատկապես փորձարարական ֆիզիկայում եւ աստղաֆիզիկայում հրապարակվում են հարյուրավոր, երբեմն հազարավոր հեղինակների աշխատանքներ, ընդ որում որոշներն այդ ցանկում ներգրավված են գործընկերների, «ընկերների» հետ, եւ նրանց դերը ոչ միշտ է հասկանալի: Արեւմուտքում դա լավ հայտնի է, որպես կանոն նման հրապարակումներն ու մեջբերման ինդեքսները հաշվի չեն առնվում, բացի այդ նախագծերի առանցքային դեմքերից:

Պարոն Գուրզադյան, Հայաստանում այսօրվա դրությամբ կա՞ն խոշոր մասնագետներ: Եթե այո, ինչպես կարելի է օգտագործել նրանց հնարավորությունները:

Այո, կան բարձր կարգի մասնագետներ, օրինակ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում եւ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում: Նրանց պետք է օգտագործել այլ երկրների օրինակով: Խմբերին պետք է ապահովել առավելագույն հնարավոր ֆինանսավորմամբ: Կարելի է չկասկածել, իրենց միջազգային հեղինակությամբ նրանքց տասնյակ անգամներ ավելի միջոցներ կներգրավեն, քան նախնական ներդրումները: Ավելին, հենց նրանց է պետք ներգրավել այն բարդագույն գլոբալ խնդիրների լուծմանը, որոնց մասին ես վերեւում նշեցի: Պաշտոնյաները կարող են հանգիստ լինել, այդ մասնագետները, որպես կանոն, հետազոտական աշխատանքը չեն փոխարինի ԳՊԿ-ում պաշտոնի հետ, սակայն նրանց խորհուրդները պետք է որոշիչ լինեն: Արեւմուտքում հենց այդպես էլ անում են:

Դուք չնշեցիք գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության մասին:

Այո, դուք ճիշտ նշեցիք: Առանց գիտության կազմակերպման արմատական վերակազմավորման, վերը նշված խնդիրների լուծման ռազմավարության գիտակցման եւ հետագա քայլերի հստակ որոշակիացման որոշ «ակտիվիստների»` գիտության ֆինանսավորման բազմակի ավելացման բարձրագոչ կոչերը պարզապես պոպուլիզմ են:

Վահագն Գուրզադյանը աստղաֆիզիկոս է, Ալիխանյանի անվան Ազգային լաբորատորիայի պրոֆեսոր: Եղել է պրոֆեսոր Սասեքսի (Անգլիա) եւ Հռոմի համալսարաններում, աստղաֆիզիկայի եւ տիեզերագիտության միջազգային խորհրդաժողովի նախագահ է եղել, վերջերս եղել է երկու հիմնական համազեկուցողներից (keynote speaker) Շվեյցարական 9-րդ բիենալեում («Գիտական Դավոս), որտեղ քննարկվել են հաջորդ տասնամյակում տիեզերքի հետազոտման եւ արբանյակային հետազոտությունների միտումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ