Figaro թերթի տվյալներով՝ Ֆրանսիայում հարցվածների երկու երրորդըդեմ է Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությանը:

Թերթի հարցումների արդյունքներով՝ հարցվողների 68 տոկոսը դեմ է Ֆրանսիայի մասնակցությանը ռազմական գործողություններին: Հարցումը նաեւ ցույց է տվել, որ 64 տոկոսը դեմ են առհասարակ Սիրիայի դեմ միջազգային ռազմական գործողությանը՝ անկախ Ֆրանսիայի մասնակցությունից: Հետազոտմանը մասնակցել է 972 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են Սիրիայի նկատմամբ «զսպող հարված» կատարելու պատրաստակամության մասին, սակայն հնարավոր գործողությանը նրանք կմասնակցեն միայն միջազգային կոալիցիայի ստեղծման դեպքում, ուստի ակնկալում են ամերիկյան Կոնգրեսի քվեարկությունը ռազմական միջամտության վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնել ամերիկացի օրենսդիրների քվեարկությունից եւ ՄԱԿ-ի փորձագետների հաշվետվության հրապարակումից հետո: