Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի արգելակների խափանման պատճառով վթարի ենթարկված 24-ամյա Արթուր Թամազյանը այժմ բուժման փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նա նշեց, որ Արթուրը դեռ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հայտնի չէ՝ երբ դուրս կգրվի, բայց թե հայ մասնագետները, թե արտասհմանցի մասնագետները, որոնց ուղարկվել էր իրենց աշխատակցի համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները, հույս են հայտնել, որ նա կքայլի: «Հետազտությունների պատասխանները եկել են, դրանք դրական են, բժիշկները պնդում են որ Արթուրը քայլելու է: Ամենակարեւորն այն է, որ նյարդային համակարգը չի վնասվել»,- ասաց Վահե Դավթյանը:

Ի դեպ, դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել, բայց այն ուսումնասիրելու նպատակով ՀԵկ-ում ստեղծված հանձնաժողովը եզրակացրել է, որ վթարի պատճառը մեքենայի անսարքությունն է եղել, ոչ թե գծերի: «Մի շարք ղեկավար անձինք, որոնք պատասխանատու էին այդ գործընթացների համար, պատժվել են, խոսքը նկատողություններ ստանալու, պրեմիաներից զրկվելու մասին է»,- ասաց  մամուլի քարտուղարը: 

Հիշեցնենք, որ  Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում:

Արթուր Թամազյանին «Արմավիրի» բ/կ-ից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, նրա վիճակը ծանր է: «Թե ինչու է այդպես եղել եւ ում պատճառով, ցույց կտա քննությունը: Բացի Արթուր Թամազյանից՝  եղել են եւս չորս հոգի, որոնք մնացել են գնացքի մեջ, փորձել են կանխել, իրենց ոչինչ չի եղել: Միջադեպը եղել է թեք տարածության վրա, իսկ երբ մեքենան դուրս է եկել հարթավայր, ինքնուրույն կանգնել է: Եթե մեքենավարը դուրս չնետվեր գնացքից, կարող էր վնասվածքներ չստանալ»,- ասել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը՝  հավելելով, որ վթարի ենթարկված մեքենան հատուկ տեխնիկա է, որը զբաղվում է երկաթուղային գծերի վերանորոգմամբ: