Մտորումներ ԳՊԿ նախագահ Ս.Գ. Հարությունյանի «Կրթության հայեցակարգերի տեսլական» հարցազրույցի վերաբերյալ
Լիովին կիսում ենք պարոն Հարությունյանի մտահոգությունը բուհական կրթությունում առկա խնդիրների վերաբերյալ: Ինքներս էլ, որպես մասնագետներ, մի շարք հրապարակումներում անդրադարձել ենք կրթական համակարգում առկա հիմնահարցերին:
Հարցազրույցում առաջարկվող քայլերի մի մասի հետ լիակատար համամիտ լինելով, իսկ որոշ հարցերի նկատմամբ ունենալով զգուշավոր մոտեցում (հատկապես ԲՈՒՀ-երի, ֆակուլտետների միացումների եւ հետազոտական համալսարանների ստեղծման թաքնված վտանգների հետ կապված), այնուամենայնիվ ուզում ենք անդրադառնալ այս խնդիրներին մի փոքր այլ տեսանկյունից:
Որքան էլ փնովեն խորհրդային կրթական համակարգը, անուրանալի է, որ այն տվել է աշխարհահռչակ գիտնականներ եւ նոբելյան մրցանակի դափնեկիրներ գիտության մի շարք բնագավառներում: Այս առումով պատահական չէր, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջ. Ֆ. Քենեդին 1963թ. երդմնակալման իր ճառում ընդգծել է, որ ԱՄՆ աշխարհի ամենազարգացած, բայց եւ դատապարտված տերություն է, քանզի գիտակրթական համակարգը թերի է, անբավարար, եւ զիջում է Խորհրդային Միության համակարգին (անհասկանալի է եւ զարմանալի, որ հենց այդ ժամանակ էլ սկսվեց ԽՍՀՄ կրթական համակարգի վերափոխումն անորոշ ուղղությամբ, ինչն էլ Հայաստանի հանրապետությունում էլ ավելի ակտիվ շարունակվում է առ այսօր): Ուստիեւ նա այդ համակարգի կատարելագործումը հայտարարեց առաջնահերթ ու հիմնական խնդիր: Որպես ռազմավարական հիմք ընդունվեց ոչ թե գործող համակարգի հիմնովին քարուքանդ անելն ու տեղը նորը կառուցելը, այլ նրա խորացումը, մակարդակի բարձրացումը, ետ մնացող օղակների հայտնաբերումը, վերացումն ու առաջընթացի ապահովումը, գերակայությունների եւ զարգացման ուղղորդման ճշգրիտ որոշումը, ընդլայնումն ու արդիականացումը:
Նման մոտեցումը լիակատար համահունչ էր XIV դարի ֆրանսիացի փիլիսոփա նոմինալիստ Ուիլյամ Օկամի մեթոդոլոգիական այն սկզբունքին, որը ներկայումս հայտնի է որպես Օկամի սայր (կամ Օկամի սրիչ) եւ համառոտ ձեւակերպվում է այսպես.
-Այն ինչ կարելի է բացատրել քչով, պետք չէ արտահայտել շատով:
Հետեւաբար, մեր երկրում նույնպես պետք էր կարեւորել կրթական համակարգի առաջնայնությունները: Եվ այստեղ հարցերի հարցը, որն անհրաժեշտ էր առաջնահերթ լուծել, իհարկե կրթական համակարգի փոփոխությունները (կամ ինչպես ընդունված է ասել «բարեփոխումները») չէին:
Փիլիսոփայությունից հայտնի ձեւ եւ բովանդակություն կատեգորիաներից որոշողը միշտ էլ եղել է բովանդակությունը, իսկ ձեւը եղել է գոյության եւ արտահայտման միջոց: Ուստիեւ, ընդհանրապես ցանկացած համակարգում, իսկ առավել եւս կրթականում, առաջնայինը պետք է լինեն բովանդակային փոփոխությունները, եթե անհրաժեշտ են, իսկ ձեւի ընտրությունը երկրորդական է եւ անհրաժեշտորեն պետք է թելադրված լինի բովանդակային խնդիրներից:
Կրթական համակարգին առաջին ծանր եւ քայքայիչ հարվածը հասցվեց կրթության ձեւը առաջնային հռչակելը` բովանդակային հարցերը թողած: Մեր խորին համոզմամբ այսօրվա կրթական համակարգի էությունն այնպիսին է, որ ասես ձեւն ու բովանդակությունը տարանջատվել են եւ ոչ թե գերակշռողը, այլ միակ նպատակը ձեւականն է, արտաքին կողմի կատարյալ լինելը: Թե ինչպիսին կլինի բովանդակայինը, կարծես թե ոչ մեկին չի հետաքրքրում:
Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Մեկը մյուսին հետեւած տարաբնույթ նորամուծությունների հետեւանքով կաթվածահար եղավ կրթությունը: Այս փաստի իսկությունում համոզվելու համար պետք չէ որպես նախարարության ներկայացուցիչ նախապես զգուշացնելուց հետո այցելել դպրոցներ` ստուգումների: Բավական է, ընդամենը, կրթության որակի մասին զրուցել ծնողների հետ, կամ ուղղակի զրուցել մի խումբ շրջանավարտների հետ` նրանց ընդհանուր կրթական մակարդակը եւ հետաքրքրությունների շրջանակը պարզելու նպատակով: Դիմորդների կրթական մակարդակի կտրուկ անկման մասին է վկայում նաեւ վերջին երեք-չորս տարիներին նկատվող միջին գնահատականի անկումը առաջին կուրսի ուսանողների շրջանում (առաջին կուրսի առաջին կիսամյակային քննությունների արդյունքների համաձայն):
Ուսանողության պարագայում խնդիրներն այլ էին: Կրթվածության արժեզրկում, կիրթ մարդու ընչազուրկ ապագա, անկայունություն, սեփական ընտանիքը պարկեշտության սահմաններում կուշտ պահելու անհնարինություն… Արդյունքում ունենք ցերեկները կամ գիշերային հերթափոխում աշխատող եւ ընտանիք պահող, իսկ լսարանում դասի ժամանակ ննջող ուսանողների մի ստվար զանգված, որոնց համար բացարձակ միեւնույնն է սովորել բակալավրիատում, մագիստրատուրայում, կրեդիտային համակարգով, թե ցանկացած այլ համակարգի պայմաններում: Նման պայմաններում, առաջնահերթություն համարել կրթական համակարգի ձեւական «բարեփոխումները» հավասարազոր է սրբապղծության: Հետեւաբար, առաջնահերթ լուծման կարիք ունեն երկու հանգուցային խնդիրներ.
ա) Դպրոցը պետք է ԲՈՒՀ-ին ապահովի որակյալ շրջանավարտներով,
բ) Ուսանողը պետք է մտնի լսարան` բացառապես սովորելու նպատակով:
Այս արտաքուստ տարբեր թվացող երկու խնդիրն էլ ունեն միեւնույն հիմքը: Անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել կիրթ մարդու վարկանիշը թե՛ բարոյահոգեբանական, թե՛ ֆինանսական առումներով:
Ցավոք սրտի այս հարցերը ոչ դպրոցների, ոչ ԲՈՒՀ-երի, ոչ էլ գիտական հանրության իրավասության շրջանակներում չեն: Սա արդեն քաղաքականության հարց է եւ անմիջականորեն առնչվում է արժեքների այն համակարգի հետ, որը փորձում է հասարակության վզին փաթաթել իշխող «էլիտան»: Իսկ որդեգրված քաղաքականության ամենաթարմ օրինակը նոյեմբերի 10-ի`գիտության միջազգային օրվա, նկատմամբ դրսեւորված բացարձակ անտարբերությունն էր «գիտությունը գերակա ուղղություն» հռչակած հենց այդ «էլիտայի» կողմից:
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռ. Մ. Ավագյան
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հ. Ս. Կարայան
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լ. Ս. Ասլանյան
(շարունակելի)




























