Ֆրանսիական մամուլը շարունակում է նոր մանրամասներ հրապարակել նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի սիրային կապի մասին։ Մամուլի տեղեկություններով՝ պետության ղեկավարի սիրուհին հղի է։

«Ժյուլի Գայեն, ըստ Ելիսեյան պալատի աղբյուրի, հղիության չորրորդ ամսում է։ Տեղեկությունը հաստատել է նաեւ  М6 հեռուստաալիքի լրագրողը», –գրում է Le Reel-ը Twitter սոցցանցում։

Նշվում է, որ ոչ Օլանդը, ոչ էլ 41-ամյա դերասանուհին չեն մեկնաբանել լուրը, հայտնում է segodnya.ua-ը։

Հունվարի 14-ին Ելիսեյան պալատում մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը հրաժարվել էր պատասխանել իր անձնական կյանքի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ հնարավոր սիրային կապի  մասին հարցերին:
«Յուրաքանչյուրն անձնական կյանքում փորձությունների միջով է անցնում: Սա մեր դեպքն է... Սակայն ես սկզբունք ունեմ: Անձնական հարցերը պետք է լուծվեն մասնավոր կյանքը հարգելու պայմաններում: Այսօր ես չեմ պատասխանի այդ թեմայով եւ ոչ մի հարցի», - ասել է նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցերին

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ  իր այժմյան կյանքի ուղեկցի՝ լրագրող Վալերի Թրիերվեյլերի հետ հարաբերությունները կպարզի մինչեւ փետրվարի 11-ը կայանալիք այցը ԱՄՆ, ուր նրանք պետք է միասին մեկնեին: