Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած  եւ այժմ Վրաստանում գտնվող կալանավոր Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի գործում խառնված է նաեւ Արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով ներգրավված փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Նա NEWS.am-ին է ուղարկել մի քանի փաստաթղթերի պատճեններ, որոնք նոր մանրամասներ են բացահայտում այս գործում: Մասնավորապես՝  գործի 24-րդ հատորում ընդգրկված մի փաստաթղթից տեղեկանում ենք, որ ի պատասախան ԱԱԾ-ի Արտաքին գործերի նախարարությունը գրությամբ հայտնել է, թե Իրանի դեսպանը դիմել է իրենց, իրենք այդ նամակը ուղարկել են բանկ եւ ԱԽՔ: Մյուս փաստաթղթից տեղեկանում ենք, որ 1մլն եվրոյի խնդիրը իրանական կողմն առաջին անգամ բարձրացրել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Այնուհետեւ նշվում է, թե փաստաթղթերի ծավալի պատճառով միայն ԻԻՀ դեսպանի նամակն է ուղարկվել ԱԽՔ-ին:

Փաստաբանը Հակոբ Ճարոյանը մտադիր է դատաքննության ընթացքում միջնորդել, որպեսզի դատարան կանչեն ԱԳՆ  տեղակալ Շավարշ Քոչարյանին, որպեսզի պարզ լինի, թե ինչ են քննարկել դեսպանի հետ, ինչ հանդիպում է եղել եւ ինչ է որոշվել արդյունքում:

Հակոբ Ճարոյանը նշեց, որ այս գործում մի շարք հարցադրումներ կան: Նրա խոսքով՝ Իրանի դեսպանի դիմել է ոչ թե Արթուր Բաղդասարյանին, այլ ԱԳՆ-ին եւ այստեղ հարց է առաջանում՝  ինչու ԱԳՆ-ն ոչ թե անմիջապես դիմել է ԱԱԾ-ին, այլ նամակը ուղարկել է ԱԽՔ:

Հակոբ Ճարոյանն ասաց նաեւ, որ մինչեւ այս նամակը ազգային անվտանգության ծառայությունը խառնված է եղել այս գործին, հետեւաբար՝  փաստաբանը հարց է բարձրացնում՝  ով է դիմել ԱԱԾ-ին ու ինչ իրավունքով է առանց որեւէ փաստաղթղթի նրանք հանդիպել բանկի աշխատակիցներին եւ իրանական կողմի հետ:

Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանի մասով դատական նիստը Վրաստանում կայանալու է նոյեմբերի 20-ին: Հայաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել վրաց իրավապահներին, որպեսզի նրան արտահանձնեն: Գործի մյուս մեղադրյալների մասով Հայաստանում դատաքննությունը կսկսվի վաղը՝ հոկտեմբերի 30-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:

Նա նշել էր, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը: Փաստաբանը մտադիր է հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացնել եւ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչել հարցաքննության: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արթուր Բաղդասարյանը որեւէ նման գրություն չի ուղարկել եւ ընդհանրապես այդ գործի հետ կապ չունի: