News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Հայաստանի բանկերի միությունը նախատեսում են 2011 թվականը նշել որպես Ալեքսանդր Մանթաշյանի տարի։ Այդ մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Երեւանում կկանգնեցվի Մանթաշյանի կիսանդրին, կհրապարակվեն գրքեր, կիրականացվեն այլ միջոցառումներ։

Ալ. Մանթաշյանը 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարին սկզբի հայ խոշոր գործարարներից մեկն է։ «Ալեքսանդր Մանթաշեւ եւ Կո» ընկերությունը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին, ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Իր առեւտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական եւ բարեգործական գործունեության հետ: Նա էր ապահովում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր եւ հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երեւանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում, Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին:

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները եւ մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թեֆլիսի Ներսիսյան հոգեւոր ճեմարանի նոր շենքի կառուցումը: Մանթաշյանի փողերով են կառուցվել նաեւ պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում:

Ալեքսանդր Մանթաշյանն է հիմնականում եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը եւ մինչեւ իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ, շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ:

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի եւ գրականության մեծ նվիրյալ եւ հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը: Մեկենասի եւ բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները: Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի եւ Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի եւ գրականության հայտնի գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ