Նախկինում 4 անգամ դատապարտված լոռեցի Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ գումար հափշտակելու մեջ:

Պարզվում է` Դավիթ Գրիգորյանն իր ծանոթ Գոհար Նազլուխանյանին հայտնել է, որ հանդիսանում է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ և իբր լիազորված է իրականացնել վարչական տուգանքների վճարման ու զեղչման աշխատանքներ: Այնուհետև Գոհար Նազլուխանյանը 2015թ. նոյեմբերի 17-ին իր բարեկամ Վարդազար Այվազյանից տեղեկացել է, որ նրա նկատմամբ նշանակվել է 100 հազար դրամ տուգանք: Այն զեղչելու հարցով Վարդազար Այվազյանի խնդրանքով դիմել է Դավիթ Գրիգորյանի օգնությանը, իսկ վերջինս առաջարկել է տրամադրել կայացված որոշումը և 60 հազար դրամ՝ խոստանալով զեղչել ու վճարել վարչական տուգանքը: Հաջորդ օրը Դավիթ Գրիգորյանը Նազլուխանյանից ստացել է 60 հազար դրամը, սակայն չի վճարել տուգանքը:

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: