Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 64 կողմ, դեմ 32 ձայներով ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ քվեարկեցին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրային խորհրդի մասին» օրինագծով սահմանվում է, որ ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Ըստ Սահմանադրության, Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը սահմանվում է օրենքով:
Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: Հանրային խորհրդի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը, նրանք իրենց հերթին կդիմեն տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական միություններին, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին եւ այլն, առաջարկելով, որ նրանք ներկայացնեն Հանրային խորհրդի անդամի թեկնածություններ:
Ստանալով թեկնածությունները, կանցկացվի վարկանիշային ընտրություն՝ գաղտնի քվեարկությամբ: Առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները կդառնան Հանրային խորհրդի անդամ: Հետագայում արդեն 30 անդամները կընտրեն մնացած 15 անդամներին: Վերջում էլ վարչապետը 45 անդամների շարքից կառավարությանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին:
Նշենք, որ այսօր գործող Հնարային խորհրդի նախագահը Վազգեն Մանուկյանն է:
- Հանրային խորհրդի կազմում նոր կառույց կստեղծվի. ազգային փոքրամասնությունների հարցերով պալատը
- «Հանրային խորհրդի» մասին օրենքն 1-ին ընթերցմամբ ընդունվեց. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր
- Նոր օրինագիծ. Ինչպես է ձեւավորվելու Հանրային խորհուրդը, քանի անդամ է ունենալու եւ ով է նշանակելու նախագահին
- Հանրային խորհուրդը մեռելածին է, նրան լսող չկա, ոչ նախագահը, ոչ վարչապետը խորհրդի կարիք չունեն. Նաիրա Զոհրաբյան




























