News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Իտալիայում ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ ադրբեջանական գազը մատակարարող 5.2 մլրդ դոլար արժողությամբ Տրանս-Ադրիատիկ գազատարը (TAP), որը պետք է Կասպից ծովից գազ մատակարարի Իտալիային, կխաթարի իտալական Սան Ֆոկա ծովափի բնականոն աշխատանքը: Այս մասին գրում է The New York Times -ի խմբագիրներից Ջեյսոն Հորովիցը: 

Նա նշում է, որ բազմաթիվ բնակիչների օգնությամբ Իտալիայում իշխանության եկած «5 աստղի շարժումն» այդ խնդրի պատճառով ներկուսակցական ճգնաժամի մեջ է: Հարավի բնակիչներից Ալբերտո Ֆասիելոյի խոսքով՝ իրենց դավաճանելու դեպքում այլևս ոչ ոք չի հավատա և չի վստահի «5 աստղի շարժում»-ին:

Վերջինն իշխանության է եկել ազգայնական քարոզարշավի և Իտալիայում տիրող զայրույթի հաշվին, որն ուղղված էր նախկին կառավարության կողմից մեծ բիզնես շահերի պաշտպանության և անարդար քաղաքականության դեմ:

Իտալիան իր էներգիայի 90 տոկոսը ներկրում է: ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկար ժամանակ է՝ Իտալիային ստիպում են ընդունել գազատարի ծրագիրը, որով հնարավոր կլինի թուլացնել երկրի և, ընդհանրապես, Եվրոպայի վրա Ռուսաստանի ազդեցությունը:  Չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփը ողջունում է TAP գազատարի կառուցումը՝ որպես ռուսական «Հյուսիսային հոսք 2»-ի փոխարինող: 

Թե՛ «5 աստղ»-ը, թե՛ նրա կառավարող գործընկեր «Լիգան» դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և ցանկանում են ամրապնդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները, ուստի երկու կուսակցություններն էլ խանդավառված չէին Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու ծրագրով:

Մինչդեռ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և միջազգային բիզնես շահերի ճնշման ներքո «5 աստղ»-ը հետ է կանգնում իր նախկին սկզբունքներից՝ միլիարդավոր դոլարների տուգանքների և ապագա ներդրումների կորստի վախից:

«Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինին վերջերս պնդում էր, որ գազատարի կառուցումը պետք է ավարտվի՝ գազի գինն իջեցնելու և երկրի աղքատացած հարավին օգնելու համար:

Սակայն գազատարին խիստ դեմ են Պուգլիայի շրջանում, որը էական դեր է խաղացել «5 աստղի» ընտրական հաջողության գործում: Մինչդեռ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հուլիսին մեկնել է Ադրբեջան՝ հավաստիացնելու, որ Իտալիան չի խոչընդոտի գազատարի կառուցմանը, որով այն կմիանա Թուրքիայի գազատարին և Հունաստանով ու Ալբանիայով կհասնի մինչև Իտալիա:

Սա վերջին կաթիլն էր Սան Ֆոկայի մերձակա Մելենդունյոյի քաղաքապետ Մարկո Պոտիի համար, որը, երկար տարիներ լինելով սոցիալիստական ուղղության ջատագով, քվեարկել էր «5 աստղի» օգտին՝ ակնկալելով, որ կուսակցությունը կարդարացնի իր սպասելիքներն ու կխոչընդոտի գազատարի կառուցմանը:  Նրա խոսքով՝ նախագահն այդպես էլ չի պատասխանել 97 քաղաքապետերի նամակին, որոնք դեմ էին ծրագրին: Նա նաև ասել է, որ պատից հանել է պարոն Մատարելլայի նկարն այն բանից հետո, ինչ նա մեկնել է Ադրբեջան:

«Նա ձեռք է սեղմել մի բռնապետի, որը տանջում է սեփական ժողովրդին: Մատարելլան անարգում է իր քաղաքացիներին»,- ասել է քաղաքապետը:

Հուլիսին Թրամփն այս խնդիրն առաջադրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին: Վերադառնալով Իտալիա՝ վարչապետն ուղղվել է դեպի Մելենդունյո՝ լսելով քաղաքապետի անհանգստությունը տվյալ հարցի շուրջ և խոստանալով խորապես զբաղվել խնդրով, չնայած նա գազատարը նաև համարում է Իտալիայի համար ռազմավարական նշամակության:

Հեղինակը նշում է, որ ապացույցներ չկան, որ Ռուսաստանը խառնվել է գազատարի գործին: Ըստ ակտիվիստների՝ դրա կարիքը չի էլ եղել, քանի որ Ռուսաստանը ձև է գտել՝ Ադրբեջանին գազ վաճառելու և այդպիսով այն Իտալիա հասցնելու համար: Միջազգային պայմանագրերի համաձայն էլ՝ 25 տարի 10 մլրդ խ.մ. ծավալով գազատարը կարող է գազ մատակարարել միայն Ադրբեջանի Շահ Դենիզի շրջանից, որով Ռուսաստանի ներկայությունը բացառվում է:

Սակայն, ըստ հեղինակի, գազատարի ծավալի ընդլայնման պարագայում հնարավոր է, որ ռուսական Գազպրոմը ներգրավվի: Ակտիվիստներն ու «5 աստղի» առաջնորդները նշել են, որ նրանք գազատարին դեմ են, քանի որ այն մութ բիզնես գործարքների և բնապահպանական ռիսկերի արդյունք է:

Տպել
Partner news