Ցմահ բանտարկված Մարկ Դյուտրո մանկապիղծ մարդասպանից ստացված նամակների կապակցությամբ տուժած ընտանիքներն իրենց զայրույթն են արտահայտել: Նամակներում նա խնդրում է թույլ տալ քավել իր մեղքը, գրում է SkyNews-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ մանկապիղծ Մարկ Դյուտրոն 2004-ից բանտում է, որտեղ հայտնվել է երեխաների առեւանգման, նրանց նկատմամբ կտտանքների եւ դաժան վերաբերմունքի պատճառով: 1995-ին եւ 1996-ին նրա զոհերն էին դարձել Բելգիայից 6 աղջիկներ, որոնցից 4-ը սպանվել էին:
Երկար տարիներ բանտարկված լինելով՝ նա դիմել է վաղաժամկետ պայմանական ազատման խնդրանքով, սակայն մերժվել՝ հանցագործությունների կրկնակի կատարման մտավախության հիմնավորմամբ:
Պարբերականը նշում է, որ 61-ամյա հանցագործի նամակները, որոնք նա իր փաստաբանի միջոցով տուժողների հարազատներին է փոխանցել, հետագայում կարող են վաղաժամկետ պայմանական ազատման համար ծանրակշիռ հիմք լինել: