News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթում Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը հանդես է եկել մեծ նյութով, որտեղ ներկայացրել է ՔՊ ցուցակում ընդրկվելու առաջարկի եւ մերժվելու պատմությունը: Նա մասնավորապես, գրել է.

«ԱԺ ընտրություններին ընդառաջ, ընտրացուցակներ կազմելու վերջին տասնօրյակում, պաշտոնական առաջարկ ստացա ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում: Ես այլ քաղաքական ծրագրեր ունեի, որոնք հընթացս պարտադրաբար փոխվեցին, քանի որ չփոխվեց Ընտրական օրենսգիրքը: Թեպետ այլ առաջարկներ էլ էի ստացել, սակայն անազնիվ համարեցի զուգահեռ բանակցություններ վարել այդ կուսակցությունների հետ եւ ընդունեցի ՔՊ-ի առաջարկը` վստահ, որ ցուցակում կընդգրկվեն քաղաքականապես կոփված, բանիմաց այլ գործիչներ: Չնայած տարաձայնություններին՝ համոզված էի, որ հեղափոխական այդ թիմին իրապես կարող եմ աջակցել հեղափոխության հաղթանակն ապահովելու համար: Ժամանակն էր քաղաքական անհամաձայնությունները քննարկել հենց ՔՊ-ի թիմում, եւ իմ քաղաքական կենսափորձն ու գիտելիքներն արդյունավետ օգտագործել Նոր Հայաստանի կայացման համար: Ի վերջո, հենց դա էին պահանջում ինձնից շատ-շատերը: Այս համոզմունքն էլ ինձ տարավ ՔՊ գրասենյակ:

Վատ լուսավորված սենյակի կենտրոնում, կողք-կողքի մի քանի աթոռներ էին շարված, որոնց դեմ դիմաց, սենյակի ամենալուսավոր հատվածում՝ մեկ այլ աթոռ, քիչ այն կողմ՝ եւս մեկը: Ես հանեցի կիսավերարկուս, մոտեցա առաձնացված աթոռին եւ լարված մթնոլորտը լիցքաթափելու համար կեսկատակ հարցրեցի. «Սա՞ է դատապարտյալի աթոռը»: Կատակս մնաց անարձագանք: Հասկացա, որ աթոռին նստածները լուրջ են տրամադրված: «Տիկ. Մկրտչյան, պատմեք ձեր մասին»,-պողպատե ձայնով, ակնոցի տակից անքթիթ ինձ նայելով դիմեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչության անդամ, 29-ամյա Տիգրան Ավինյանը: Այսպես սկսվեց իմ հարցազրույցը ՔՊ «կոնսպիրացված» գրասենյակում:

Բոլշեւիկյան խստությամբ ինձ նայող ՀՀ եւ ՔՊ ղեկավար կազմի մի քանի անդամների հետ իմ հարցազրույցը վերածվեց նախ հարցաքննության, ապա՝ հավատաքննության: Այդ ամենը ծանոթ ֆիլմերի խառնուրդ էր հիշեցնում՝ 37թ. խորհրդային ՊԱԿ-ի, ամերիկյան ԿՀՎ-ի, իսրայելական Մոսադի մասին: Մինչդեռ աթոռին նստածները 25-35 տարեկան հայ երիտասարդներ էին, որոնք իմ մասնագիտական կենսագրության՝ 30-ամյա քաղաքական լրագրության, դասախոսական 20-ամյա աշխատանքի, հասարակական-քաղաքական 20-ամյա գործունեության տարիքին էին:

Նրանք չգիտեին էլ, թե ում էին ջանասիրաբար հարցաքննում: Չգիտեին, որ իմ քաղաքական հայացքները ձեւավորվել են ուսանողական տարիներին՝ վերակառուցման փոփոխությունների ազդեցությամբ, որ ես եղել եմ քաղաքական գաղափարներով եւ նվաճումներով առլեցուն ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցը, ի մոտո ճանաչել եմ նորանկախ Հայաստանի քաղաքական բոլոր առաջնորդներին, անցել եմ անկախ Հայաստանի ամենալուրջ քաղաքական դպրոցը, փոթորկուն ժամանակներում, որպես Հայաստանի ամենահանրաճանաչ թերթի՝ «Հայքի» թղթակից, մասնակցել եւ լուսաբանել եմ պատմաքաղաքական իրադարձություններ, այդ թվում եւ՝ ԽՍՀՄ վերջին համագումարի մեշաբաթյա աշխատանքները, տեսել եմ հետորհրդային Հայաստանի բոլոր իշխանությունների վերելքն ու անկումը: Ես կարող էի ՔՊ ղեկավարներին քաղաքականության դասեր տալ, սակայն այժմ պետք է պատասխանեի նրանց հարցերին:

Առաջին հարց-հարվածը ստացա անմիջապես կողքի աթոռից, որին նստած ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ինձնից մեկեն հաշիվ պահանջեց ֆեյսբուքյան իմ գրառման համար, ուր քննադատել էի իրեն՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս չգալու՝ ՔՊ-ի մեկ օրում արմատապես փոխված դիրքորոշման համար: «Իմ այդ հայտարարությունից հետո դուք Ֆեյսբուքում հարձակվեցիք ինձ վրա»,-ասաց 35-ամյա երիտասարդ կինը: Չհիշեցի այդ գրառումս, թեպետ ԵՏՄ-ի մասին իմ տեսակետը հայտնի էր եւ չէր փոխվել, ինչպես մեխանիկորեն փոխվել էր Լենայի դիրքորոշումը: Հասկացա, որ երկնքից իշխանության մեջ հայտնված նախկին եւ անհայտ լրագրող Լենա Նազարյանը ոչ միայն քաղաքականությունից տեղյակ չէ, այլեւ բարեկրթության տարրական կանոններից: Սակայն ՔՊ-ի թիմին հմտորեն պատրաստել էին հարցազրույցին, եւ Լենան փորձեց տրորել իմ քաղաքական համոզմունքները. ինչպե՞ս եմ պատկերացնում ՔՊ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հետ տրամագծորեն տարբեր կարծիք ունենալով: Սա պատերազմի ազդականչ էր եւ հարցազրույցը ձախողելու փորձ, սակայն ես խաղաղության սպիտակ դրոշ բարձրացրեցի, նկատելով. «Քաղաքականությունը համոզելու արվեստ է: Քննարկումներ, հուսով եմ, նորից կլինեն: Կարելի է փոխել ձեւակերպումը՝ Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի դուրս գգալ ԵՏՄ-ից տարածաշրջանային զարգացումների արդյունքում: Բացի այդ, պարզ է, որ առաջնորդվելու եմ թիմի որոշումներով»: Քննախույզ նայող մի քանի զույգ աչքերից հասկացա, որ ինձ չհավատացին: Գիտեի, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցն ամենաբարդն է լինելու ՔՊ-ի հետ հարաբերություններում: Սակայն անսացի ընկերներիս հորդորին, թե մի օր ՔՊ-ն դարձյալ կարող է փոխել կարծիքը, եւ հիմա դա չդարձնեմ համագործակցության խոչընդոտ:

Հարցերի մեծ մասը տալիս էր Տիգրան Ավինյանը, որին ժամանակ առ ժամանակ բջջային հեռախոսն էր փոխանցում Նիկոլի կառավարության մյուս անդամը՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար, 32-ամյա Սուրեն Պապիկյանը, երբեմն նաեւ՝ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Հարցերից եւ փոխանցիկ հեռախոսից հասկացա, որ քրքրել էին իմ ֆեյսբուքյան էջը՝ «չնկատելով» հեղափոխության անվերապահ աջակցության իմ գրառումները: «Դուք գտնում եք, որ նոր իշխանությունները չունե՞ն Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգ», «Դուք գտնում եք, որ մենք չունենք գաղափարախոսությու՞ն», «Ի՞նչ կարծիք ունեք 2017թ. Ազգային ժողովի մասին». նրանց այսեւայլ հարցերին իմ պատասխանները հայտնի էին. դրանք իմ հոդվածներում են, հարցազրույցներում, ֆեյսբուքյան գրառումներում, սակայն երիտասարդ հավատաքննիչներին կարծես այլ հանձնարարական էր տրված: Ներսիս լրագրողը սեղմում էր պարանոցս՝ ստիպելով Ավինյանի հարցերին հարցով պատասխանել. «Ձեր հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրության համար մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից. ինչպե՞ս եք վերաբերում այն մեղադրանքին, որ վեցամսյա պաշտոնավարման այս ընթացքում դուք չարաշահել եք ձեր պաշտոնական դիրքը»: Բայց չհարցրեցի, քանի որ կային ավելի կարեւոր խնդիրներ՝ ազդել քաղաքական որոշումների վրա, շտկել երիտասարդ այս իշխանության սխալները եւ աջակցել նրանց, որ հեղափոխությունը տրամաբանական հանգրվանին հասնի. այս ամենն արդյունավետ իրականացնել հնարավոր էր հենց ՔՊ-ի հետ համագործակցելով:

Հավատաքննության այդ 20-30 րոպեների ընթացքում մտածում էի միանգամից մի քանի բանի մասին. խուսափոխական պատասխաններ տալու, հարցերին հարցով պատասխանելու, թողնել-հեռանալու, ՔՊ-ի հետ իմ հետագա համագործակցության եւ այն մասին, թե, արդյո՞ք, Նիկոլն է կանգնած Լինչի այս դատաստանի հետեւում, թե՞ որեւէ կոնկրետ կառույց: Այդ մտքերով էի տարված, երբ ամբողջ ընթացքում որեւէ հարց չտված ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար, 28-ամյա Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ «Դուք ձեզ եվրոպամետ համարու՞մ եք»:

Պարզ էր, որ նրանց երկաթե փաստարկներ էին պետք իմ թեկնածության դեմ, որոնցից մեկն էլ իմ եվրոպամետության ապացույցը պետք է լիներ: Երբեմն հակառակորդներին պետք է տաս այն, ինչ նրանք ուզում են ստանալ. այդպես նրանք կարող են նահանջել, սակայն քեզ հաղթել, այնուամենայնիվ, չեն կարող: «Այդ բաժանումը համարում եմ արհեստական, ինչպես նաեւ՝ «հայամետ» ձեւակերպումը: Թեպետ չեմ հիշում, որեւէ ռուսամետ երբեւէ ասի, որ ինքը ռուսամետ է: Ես ուզում եմ, որ Հայաստանն ընթանա եվրոպական քաղաքական համակարգի, քաղաքակրթության եւ արժեհամակարգի ճանապարհով, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ի վերջո, անդամակցի ԵՄ-ին: Եթե դա եվրոպամետություն է, ապա, այո, ես եվրոպամետ եմ»,-պատասխանեցի: «Եվ դուք պատրաստվում եք բարձրաձա՞յն ասել, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»,- սարսափած նետեց Ռուբինյանը: «Ոչ, իհարկե, որովհետեւ ԵՄ-ում անդամի կարգավիճակով մեզ ոչ ոք չի սպասում»,-նկատեցի, միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ այժմ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարծես դադարեցված են:

Հարցազրույցի ողջ ընթացքում պատի մոտ դրված գրասեղանի մոտ իբր թղթերի մեջ էր խորասուզվել ՔՊ վարչության անդամ, «Հայկական ժամանակ» թերթի երբեմնի թղթակից Վահագն Հովակիմյանը, որը ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս սենյակից, մտածում էի, որ երեւի Նիկոլի աչքնուականջն է ՔՊ-ում եւ նրան մանրամասներ է հայտնում:

Մի քանի օր անց տեղեկացա, որ ՔՊ վարչությունը, ձայների բացարձակ մեծամասնությամբ, «դեմ է» քվեարկել իմ թեկնածությանը: Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքի՝ 2016թ. ընտրված վարչության անդամներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայելյանը, Հովհ. Աղազարյանը, Զարհուի Բաթոյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ այլք: Թեկնածությանս մերժման հիմնական փաստարկներից մեկը եղել է իմ «եվրոպամետությունը»: Ես համոզված եմ, որ այդպես են վարվել նաեւ շատերի հետ, ովքեր կարող էին քաղաքական հետագիծ եւ քաղաքական մտածելակերպ բերել ՔՊ:

ՔՊ-ական հավատաքննությունից հետո սկսեցի երկյուղել, թե ովքե՞ր էին քննադատությունն ատող այս տղաներն ու աղջիկները՝ Նիկոլի ղեկավարությամբ, որոնց մենք հանձնեցինք Հայաստանի պետականությունը: Սերժ Սարգսյանին մերժելուց հետո նրանք սկսեցին մերժել ամեն ինչ եւ ամենքին, նրանց, ովքեր ի տարբերություն իրենց, ունեն քաղաքական հայացքներ, արժեքներ, կենսագրություն, քաղաքական գիտելիքներ եւ Հայաստանի զարգացման մտապատկեր: Եվ կառավարելի չեն, ինչպես իրենք: Այլոց քաղաքական կենսագրությունը, սկզբունքները, հասարակական արժեքներն այն թիրախներն են, որոնց անխնա ոչնչացնելը նրանց կա՛մ հանձնարարություն է, կա՛մ դավանանքը: Նրանց՝ քաղաքականության, տնտեսության, պետակաշինության գիտելիքների բացակայությունը, ամեն գնով ինքնահաստատվելու ձգտումը Հայաստանի համար դառնում է վտանգահարույց:

«Ասացեք, արդյոք աշխարհում, բացի Գերմանիայից, կա՞ մի երկիր, որտեղ քիթը վեր ցցել ավելի շուտ են սովորում, քան այն մաքրել»,-18-րդ դարում հեգնում էր գերմանացի փիլիսոփա Գեորգ Լիխտենբերգը:

Կա այդպիսի երկիր. 21-րդ դարի հետհեղափոխական Հայաստանն է այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաժարական տալու խնդիր այս պահին չեմ տեսնում. Սամվել Բալասանյան
Քաղաքը շատ հանգիստ է, եւ մենք իրականացնում ենք մեր գործառույթները...
Լեւոն Տեր–Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի «կնքահայրն» է. Զարուհի Փոստանջյան
Անհրաժեշտ էր ԸՕ բարեփոխում իրականացնել եւ քաղաքական կուսակցություններին հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին...
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան է». «Երկիր ծիրանի»
Եթե Փաշինյանը նախկինում հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմամբ՝ նրան դավաճան անվանելով, ապա հիմա…
«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը հայտնվել է ՀԾԿՀ-ի տեսադաշտում
Նրա ղեկավարած ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ պարտք է պետբյուջեին...
«Ժամանակ». Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. Նա դիմել է Վանեցյանին
Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում...
«Ժամանակ». Նոր ԱԺ-ի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին. դերաբաշխման հարցեր կան
Ի սկզբանե որոշված է եղել նիստը հրավիրել հունվարի 7-ին, բայց քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է...