News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է մեղադրել Չինաստանին ույղուր թուրքերի հանդեպ ճամբարներում կիրառված կտտանքների մեջ։

Պաշտոնական Անկարայի գնահատականով՝ «ավելի քան միլիոն ույղուրներ բախվել են հարկադիր պահման, կտտանքների եւ գաղափարախոսական մշակման քաղաքականությանը բանտերում եւ համակենտրոնացման ճամբարներում», եւ «Չինաստանի սահմաններից դուրս, այդ թվում եւ Թուրքիայում ապրող ույղուրները չեն կարող տեղեկություններ ստանալ հայրենիքում իրենց մերձավորների ու հարազատների մասին»։ Ընդ որում՝ թուրքական կողմը վկայակոչում է ույղուր գիտնական Թահիր Իմինին, որը ույղուրների անունից երախտագիտություն է հայտնել թուրքական իշխանություններին, իսկ Անկարան անվանել է «օրինակ մյուս մուսուլմանական երկրների համար, որոնք կարող էին լրացուցիչ ճնշում գործադրել Պեկինի վրա»։

Մեկնաբանելով իրավիճակը՝ չինական ԱԳՆ-ն հայտարարել է, որ ույղուրներին Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում «վերադաստիարակիչ ճամբարներում» պահելու տեղեկատվությունը ոչնչով չի հաստատվել եւ չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Չինաստանը, լինելով Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի անդամ, լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները։ Ույղուրները մեծ մասամբ մուսուլման են դավանանքով եւ Չինաստանի բազմամիլիոնանոց փոքրամասնություններից մեկն են, որոնք հոծ բնակվում են Սինցզյանում եւ նրա սահմանակից Միջին Ասիայի երկրներում։ Ավելի քան 60 հազար ույղուր էլ, որոնք թյուրքալեզու են, ապրում են Թուրքիայի մի քանի շրջաններում։ Տարօրինակն այն է, որ թուրքական կողմի մեղադրանքները հնչում են այն ֆոնին, երբ Անկարան փորձում է հարաբերություններ զարգացնել Չինաստանի հետ։ Միեւնույն ժամանակ, Անկարան վերջերս Չինաստանի Արդյունաբերական եւ առեւտրային բանկից ստացավ 3,6 մլրդ դոլարի վարկ էներգետիկ եւ տրանսպորտային սեկտորի զարգացման համար։ Ներկա պահին Չինաստանը Թուրքիայի երրորդ խոշոր առեւտրային գործընկերն է։ Այնուամենայնիվ, փորձագետների գնահատականով՝ Անկարայի եւ Պեկինի փոխհարաբերություններում փոխադարձ խորթացման շրջան է սկսվում։

Վերլուծելով թուրքական կողմի այս վերաբերմունքը՝ հետաքրքիր մանրամասն է ի հայտ գալիս. Թուրքիան իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս իրականացնում է թուրքական տարրի շահերի պաշտպանության բավական հետեւողական քաղաքականություն, բայց իր սահմաններում իրականացնում է այն, ինչը դատապարտում է եւ ինչի դեմ պայքարում է իր արտաքին քաղաքական գծի շրջանակում։ Թուրքիան երկակի չափորոշիչների ակնհայտ քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնություններին պատկանող իր քաղաքացիների եւ Չինաստանում ապրող իր հայրենակիցների հանդեպ։ Թուրքական կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում եւ առանձնակի աջակցություն ցուցաբերում ույղուրներին այն դեպքում, երբ երկրի արեւելյան շրջանների որոշ ազգային փոքրամասնությունների խնդիրները բնավ չեն հիշատակվում պաշտոնական համատեքստում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ