News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Արիզոնայի պետական համալսարանի մասնագետներն իրենց աշխատանքում ցույց են տվել, որ փոքրիկ պլաստիկե մասնիկները կարող են ներթափանցել մարդու հյուսվածքների եւ օրգանների մեջ: Նախկինում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միկրոպլաստիկը կարող է մտնել մարդու եւ կենդանիների օրգանիզմ եւ անցնել աղեստամոքսային տրակտի միջով: Սակայն վերջին աշխատանքը առաջին անգամ հուշում է, որ պլաստիկի մասնիկները կարող են կուտակվել նաեւ մարդու օրգաններում, այդ թվում՝ երիկամներում, լյարդում եւ թոքերում: Թեեւ այդ կուտակումների ճշգրիտ հետեւանքները մարդու առողջության վրա քիչ են ուսումնասիրված, փորձագետները միկրոկլաստիկի աղտոտումը կապում են կենդանիների մոտ բորբոքման, անպտղության եւ քաղցկեղի հետ, հայտնում է Popmech-ը:

«Կարելի է գտնել պլաստմասաներ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը աշխարհի գրեթե ցանկացած վայրում»,- ասում է Արիզոնայի պետական համալսարանի հոդվածագիր եւ կենսաբան Չարլզ Ռոլսկին: «Մի քանի տասնամյակի ընթացքում մենք դադարել ենք մտածել պլաստիկի՝ որպես հրաշալի իրի մասին, եւ սկսել ենք այն համարել սպառնալիք»:

Իրենց ուսումնասիրության մեջ Ռոլսկին եւ նրա գործընկերները հետազոտել են մարդու հյուսվածքների 47 նմուշ: Դրանք ներառում էին երիկամներից, լյարդից, թոքերից եւ փայծաղից վերցված հյուսվածքներ՝ չորս օրգաններ, որոնք, ենթադրաբար, ենթարկվել են միկրոպլաստիկ մասնիկների ազդեցությանը, ֆիլտրացմանը կամ կուտակմանը։

Այս հյուսվածքներում միկրոպլաստիկի առկայությունը ապացուցելու համար թիմը մշակել է իր սեփական մեթոդը, որն իր մեջ ներառում է Ռամանովյան սպեկտրասկոպիայի օգնությամբ վերլուծություն` մի շարք նյութերի, այդ թվում` պոլիկարբոնատի, պոլիէթիլենի եւ պոլիէթիլենային տերեֆտալատի նույնականացման համար:

Պոլիկարբոնատը օգտագործվում է նոթբուքերի, բջջային հեռախոսների, CD-ների, DVD-ների եւ պաշտպանիչ ապակիների պատյանների պատրաստման համար, մինչդեռ պոլիէթիլենի տարբեր տեսակներ կարելի է գտնել գրեթե ամեն ինչի մեջ` պոլիէթիլենային թաղանթներից մինչեւ դրենաժային խողովակներ եւ զրահապատ ժիլետներ: Պոլիէթիլենային տերեֆտալատը օգտագործվում է հագուստի մանրաթելեր, պլաստիկ շշեր եւ սննդի տուփեր պատրաստելու համար:

Խումբը պարզել է, որ պլաստիկը առկա է յուրաքանչյուր հյուսվածքի նմուշում, որը նրանք ուսումնասիրել են: Գիտնականները նշում են, որ քանի որ մարդկային հյուսվածքի նմուշները վերցվել են դոնորներից, բժիշկները հնարավորություն կունենան հատուկ անամնեզի միջոցով հետեւել պլաստիկի հավանական աղբյուրներին:

Այժմ ուսումնասիրության հեղինակները նշում են, որ պետք չէ խուճապի մատնվել, չնայած որ իրենք ապացուցել են, որ միկրոպլաստիկն իսկապես կարող է կուտակվել մարդու հյուսվածքներում: Նրանք ասում են, որ սկզբում պետք է կատարվեն համաճարակաբանական ուսումնասիրություններ՝ մարդու առողջության վրա ազդեցությունը գնահատելու համար:

Աշխատանքը, ինչպես նաեւ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) վիրտուալ հավաքի եւ ցուցահանդեսի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ