Քիչ առաջ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվածներից մեկին այս պահին վիրահատում են, իսկ մյուսի վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից։
ԲԿ-ից հայտնեցին, որ ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու ԲԿ են ընդունվել սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:
Քաղաքացիներից մեկը 1988 թվականին ծնված կին է, ում մոտ նախնական տվյալներով ախտորոշվել է պարանոցի աջ կողմնային մակերեսի կտրված-արյունահոսող վերք:
ԲԿ-ից հայտնեցին, որ 33-ամյա կինը ստացել է առաջին բուժօգնություն։
Վիրավորում ստացած մյուս քաղաքացին 1993 թվականին ծնված տղամարդ է, որն այս պահին վիրահատվում է:
Ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
Գյումրիում սպանվել է 37-ամյա տղամարդ, եւս երկու հոգի հոսպիտալացվել է (ֆոտո)




























