News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել եւ բացատրություն տվել դեկտեմբերի 7-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հակոբյանը։

«Որեւէ կարգավիճակ չունեմ, ուղղակի կանչել են բացատրություն տալու, բացատրություն եմ տվել»,- հայտնեց պատգամավորը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել։

Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում հայհոյախառը ծեծկռտուք էր տեղի ունեցել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել էր, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Ռուբեն Ռուբինյանն ավելի ուշ ասել էր, որ իր աշխատասենյակում չի եղել ծեծկռտուքը։ Սաղաթելյանի օգնականը ծեծողների թվում ճանաչել էր Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել  նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում էր, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել, իսկ ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանը։

Հրաչյա Հակոբյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երբ ինքը եկել է, ծեծկռտուքն արդեն սկսված է եղել, եւ որ Գերասիմ Վարդնանյանն Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի քրեական գործով է անցնում։ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն օրեր առաջ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր եւ իր քաղաքական ուժի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ որ ինքը հրավիրվել է ԱԱԾ միջադեպի գործով, բայց բացատրություն չի տվել։ Անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, որ ինքը Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով է անցնում, Վարդանյանը նկատել էր՝ ինքը դրա հետ որեւէ առնչություն չունի, որպես մեղադրյալ չի ներգրավվել այդ գործով, եւ որ իրենից փորձում են «հանցագործի կերպար կերտել»։

Տպել
Ամենաշատ