Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները շարունակում են փակ պահել Երեւան–Սեւան ճանապարհը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում հետ հանդիպում էին պահանջում Գեղարքունիքի մարզի բնակիչները, այդպես էլ օրվա ընթացքում չեկավ նրանց մոտ։
Մարզպետ Կարեն Սարգսյանը ժամեր առաջ հանդիպել էր բնակիչների հետ, սակայն նրան չէր հաջողվել գյուղացիներին համոզել ճանապարհը բացել։
NEWS.am-ի հետ զրույցում խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ մարզպետը հեռացել է տարածքից։ Իսկ իրենք ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչեւ Գնել Սանոսյանը չհանդիպի իրենց հետ։
Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ մարզպետը բնակիչներին առաջարկել է ճանապարհը բացել, երկու օր ժամանակ տալ հարցի կարգավորման համար, բայց Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները չեն համաձայնել։
Նշենք, որ այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով բնակիչների պահանջին հորդորել էր բացել ճանապարհը։
«Հարցը ճանապարհին քննարկելու նյութ չէ, մենք առավոտյան իրենց առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել եւ քննարկել հարցը»,– ասել էր Գնել Սանոսյանը։
Նախարարը նշել էր, որ համայնքներն արդեն խոշորացվել են, եւ ըստ կառավարության, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը փոխելու կարիք չկա։
«Այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այդ խոշոր միավորները արդարացնում են իրենց։ Ինչ վերաբերում է ծովագյուղցիների այն մտահոգությանը, թե խոշորացման արդյունքում տուժելու է իրենց համայնքը, արդարացված չէ»,– ասել էր Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ Երեւան–Սեւան ճանապարհը փակ է ժամը 12–ից։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։
Մինչդեռ նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։
«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում, որեւէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։





























