Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Վովա Վարդանյանը ամենից շատն է տուժել ենթադրյալ հանցագործի կամ հանցագործների գործողությունների հետեւանքով. երկու օր առաջ իր տան շրջակայքում 69–ամյա Վովա պապը հայտնաբերել է այրված անասնակեր խոտը, սայլակի անվադողերը, եւ այլ մեքենայի պատռված անվադողը։

 «Լույսը բացվելուն պես գնացել էի, որ կովին կեր տամ, համագյուղացիներիցս ասացին, թե խոտս պաժառ են տվել։ Ինձ թվաց կատակ են անում, մոտեցա, տեսա, որ «Վիլիսին» ամրացված լաֆետի մեջի խոտն ու մեքենայի պագրիշկեքը վառվել է։ Մեկ էլ գոմից վերադառնալուց նկատեցի, որ բակում կայանված «Ժիգուլու» պագրիշկան նստած է, ասացի՝ ոչինչ, երեւի կայանված ժամանակ է նստել, էն էլ պարզվեց, որ անվադողը դանակով ճղել էին։ Լաֆետի մեջ 27 հատ խոտի տուկ կար, լավ է, որ բոցը մնացած խոտին չի կպել ու այրել։ Կովն էլ գոմում կապած էր, փրկվել եմ ես, որ դրանք էլ չեն այրվել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վովա պապը։

Բնակչի խոսքով՝ առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում գյուղում։ Ինքը դեպքի մասին անմիջապես պատմել է գյուղի վարչական ղեկավարին։

Մովսեսում, սակայն, միայն Վովա Վարդանյանի ընտանիքը չի տուժել։ Նրա խոսքով՝ ընդհանուր 6 մեքենայի անվադողեր են պատռել, վնասել են նաեւ գյուղի  կոմբայինի անվանդողերը, գողացել գյուղի բնակիչներից մեկի մեքենայի ձայնարկիչը։

«Նույն գիշերը մեր բնակիչներից  մեկը տանը ձայն է լսել, դուրս է եկել, որ տեսնի՝ ինչ է, կամ ով է,  նկատել է, որ երկու հոգի փախչում են այդ տարածքից»,– պատմեց Վովա Վարդանյանը։

Սահմանամերձ գյուղի բնակիչը չգիտի, թե ով կարող էր վնաս հասցնել գյուղի բնակիչներին։ Նա բացառում է, որ թշնամին կարող էր մտնել գյուղ։

«Օրենք կա, պագոնավոր կա, թող ման գան ու գտնեն սա անողներին։ Ես բացառում եմ, որ ասկյարը կարող էր մտնել մեր գյուղ, 88 թվականից հետո այս կողմ ոչ մի ասկյար ռիսկ չի արել մտնի»,– ասաց Վովա Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք,  որ Մովսեսում անհայտ անձը կամ անձինք անվադողեր են ծակել, վառել անասնակերը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Մովսես գյուղի բնակչից հաղորդում են ստացել, որ գիշերը ժամը 2։10–ի սահմանում, գյուղի տներից մեկի կոտ կայանված «2106» մակնիշի մեքենայից հափշտակել են ձայնարկիչ,  ինչպես նաեւ վնասել՝ անվադողը։  Ոստիկանության կազմած փաստաթղթերը հաղորդման հետ ուղարկվել է նախաքննության մարմին՝ Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ ոստիկանության հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի (Գողությունը՝ գաղտնի հափշտակությունը) եւ 264-րդ հոդվածի 1-ին մասի (Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

«Ընթանում է քննություն, ինչ վերաբերում է այդ գյուղում այլ հանցավոր դեպքերին, ապա Քննչական կոմիտեն դրանց վերաբերյալ հաղորդում չի ստացել»,– ասաց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 7251E9BB-DF6F-45F4-A52E-BC73FE8C9FAF.jpg (117 KB)

ֆսդվֆսշ.jpg (312 KB)