
Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդիկ, ովքեր իրենց ավելի առնական են համարում, դժվար թե իրենց կյանքում կրճատեն մսի օգտագործումը կամ անցնեն բուսական մթերքներից բաղկացած դիետայի։ Այդ մասին գրում է Sex Roles ամսագիրը։
Ավստրալացի հետազոտողների կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 18-ից 92 տարեկան 5244 ավստրալացի՝ տղամարդ և կին (համապատասխանաբար` 48,3% և 51,2%): Նրանցից 4897-ը եղել են միս ուտողներ։
Հետազոտության մասնակիցները գնահատել են իրենց կանացիության և առնականության մակարդակը, ինչպես նաև մսի օգտագործումը նվազեցնելու իրենց ցանկությունը: Բացի այդ, հետազոտողները հարցրել են հարցվածներին՝ պատրա՞ստ են հրաժարվել մսից և դառնալ բուսակեր կամ վեգան:
Պարզվել է, որ մսային կերակրատեսակներին հավատարիմ մնալը կապված է գենդերային ինքնության և ինքնագնահատականի հետ, այն է՝ որքան մասկուլին է իրեն գնահատում հարցվողը, այնքան ավելի շատ տհաճությամբ է ընկալում մսի օգտագործումը նվազեցնելու գաղափարը։
Ավելին, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ գենդերային դերերի և քաղաքական կողմնորոշման վերաբերյալ պահպանողական տեսակետները նույնպես կապ ունեն մսի օգտագործման հետ: