Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը դատարան է դիմել` բողոքարկելով Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության որոշումը, որով մերժել են իրեն ՀՀ քաղաքացիություն տալ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, հայտնեց Սարգիս Հացպանյանը` հավելելով, որ առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին:
Նա տեղեկացրեց, որ իրեն քաղաքացիություն տալու դիմումը մերժել են` հայտնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունն առարկում է դրան, քանի որ ինքը վտանգ է ներկայացնում Հայաստանի պետական անվտանգությանը: Հայտնել են նաեւ, որ Հացպանյանին չեն կարող քաղաքացիություն տալ, քանի որ կա Ռոբերտ Քոչարյանի` իրեն երկրից արտաքսելու հրամանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այդ հրամանը անվավեր ճանաչվի, որպեսզի փաստաթուղթ տան իրեն, իսկ դա միայն նախագահը կարող է անել:
Իսկ թե ինչու Սարգիս Հացպանյանը չի դիմում նախագահ Սերժ Սարգսյանին, նա այսպես պատճառաբանեց. «Ես չեմ ընդունում 2008թ նախագահական ընտրությունների արդյունքները, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ընտրված նախագահն է: Գտնում եմ, որ ոչ լեգիտիմ նախագահ է, ուստի չեմ կարող իմ սկզբունքներին դեմ գնալով` դիմեմ մի մարդու, ում չեմ ընդունում»:
Եթե դատարանը չբավարարի իր հայցադիմումը, Սարգիս Հացպանյանը մտադիր է դիմել դատական բոլոր ատյաններին, իսկ դրանք սպառելու դեպքում` Եվրադատարան:
Նշենք, որ 1996թ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք նա ստացել է ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք, որը Ռոբերտ Քոչարյանն անվավեր է ճանաչել եւ հրաման ստորագրել նրան 5 օրվա ընթացքում Հայաստանից արտաքսելու մասին: Այնուհետեւ, 2008թ նախագահական ընտրություններից հետո` մարտյան իրադարձությունների ժամանակ, նա ձերբակալվել է, իսկ բանտից դուրս գալուց հետո նրան փորձել են բռնի օդանավակայան տանել, բայց Ֆրանսիայի դեսպանի միջամտությամբ դա չի արվել: Ազատության մեջ հայտնվելուց հետո, ըստ Հացպանյանի, իրեն Ֆրանսիայի դեսպանատանը հայտնել են, որ ՀՀ իշխանությունների հետ խոսել են եւ իրեն քաղաքացիություն կտան:
Այնուհետեւ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետը նրան հայտնել է, որ 3 շաբաթվա ընթացքում կտան քաղաքացիություն, սակայն դրա փոխարեն, Հացպանյանն ստացել է իր` քաղաքացիություն ստանալու որոշումը մերժող փաստաթուղթ: Այժմ նրա ունեցած միակ փաստաթուղթն իր ազատության մեջ գտնվելու թուղթն է, որտեղ նշվում է, որ Սարգիս Հացպանյանը կրել է իր պատիժն ամբողջությամբ: Հայաստանում նրա մնալու իրավական հիմքերից մեկն էլ երկու անչափահաս երեխաներ ունենալն է, իսկ երբ երեխաները դառնան չափահաս, նա այլեւս չի կարողանա մնալ այստեղ:




























