Հայաստանի կառավարությունը թույլտվություն չի տա «Նոր գինդ» ընկերությանը` իրականացնելու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում եւ մեծածախ առեւտուր: Նման թույլտվություն ստանալու համար հարկավոր է կառավարության որոշում, սակայն առողջապահության նախարարությունը կառավարությանը մերժողական եզրակացություն է ներկայացրել:

Մերժման պատճառն այն է, որ «Նոր գինդ» ընկերության տարածքը գրանցված է նրա իրավանախորդ «Օմեգա ֆայն քեմիքլզ» ընկերության անվամբ:

Նշենք, որ «Նոր գինդ» ընկերությունն առավել հայտնի է շինանյութերի շուկայում: Կազմակերպությունն իրականացնում է շինարարարկան ու արդյունաբերական քիմիկատների վաճառք:

Ըստ ընկերության պաշտոնական կայքէջի` հանդիսանում է շվեյցարական «Սիկա» հոլդինգի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում, ինչպես նաեւ ռուսական «Պոլիպլաստ-Նովոմոսկովսկ» գործարանի պաշտոնական ներկայացուցիչը: 2011 թվականից «Նոր գինդը» հանդիսանում է մոնտաժային փրփուրների արտադրության շուկայում համաշխարհային առաջատար բելգիական «Սոուդալ» կոնցեռնի պաշտոնական դիստրիբյուտորը: