Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների մասնակցող աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ ամերիկյան «Gerald R. Ford»-ը, այսօր ժամանել է խորվաթական Սպլիտ քաղաք։ Այս մասին հայտնում է AFP-ն:

Գործակալության տեղեկություններով՝ նավը տեղ է հասել այս առավոտյան և ուղղվել դեպի նավահանգիստ: ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ սա «նախապես ծրագրված այցի և տեխնիկական սպասարկման» մի մասն է:

Ավելի վաղ՝ այս շաբաթ, նավը լքել էր Կրետեի ռազմածովային բազան, ուր վերադարձել էր տախտակամածի լվացքատանը բռնկված հրդեհից հետո: Միջադեպի հետևանքով անձնակազմի երկու անդամ է տուժել:

«Իր այցի ընթացքում ամերիկյան «Gerald R. Ford» ռազմանավը կհյուրընկալի տեղական պաշտոնյաներին և առանցքային առաջնորդներին՝ Միացյալ Նահանգների և Խորվաթիայի միջև ամուր դաշինքը նշելու համար», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Մարտի 12-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Կարմիր ծովում գտնվող և Մերձավոր Արևելքի հակամարտությանը մասնակցող ամերիկյան «USS Gerald R. Ford» ավիակրի վրա բռնկված հրդեհի մասին: Ավելի ուշ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը պնդել էր, թե ԱՄՆ զինծառայողներն իբր իրենք են հրդեհել «USS Gerald R. Ford» ավիակիրը, որպեսզի այլևս չմասնակցեն Իրանի դեմ մարտական գործողություններին: