Ղրիմի հայ համայնքը նամակ է ուղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոյին՝ կապված հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որ կարող է վերածվել ազգագրական թանգարանի:
Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը, նամակում ներկայացված է համայնքի դրքորոշումը՝ առանց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եւ հայ համայնքի թույլտվության՝ որեւէ գործողություն կատարելու անթույլատրելիության մասին:
Ողջ իրավիճակը, Գաբրիելյանի կարծիքով, սկսվել է վերանորոգումից եւ լուսավորումից հետո, երբ համալիրը պետք է գործեր որպես գործող վանք, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել: «Հնարավոր է, որ եթե եկեղեցում սպասավորներ լինեին, կարելի կլիներ խուսափել այդ վիճակից»,- կարծում է նա:
Հիշեցնենք, որ այն մասին, թե 2009թ. դեկտեմբերի 1-ից Սուրբ Խաչ հայկական վանքը կդառնա Ղրիմի ազգագրական կենտրոնի մասնաճյուղ, հայտնել է ինքը՝ Գրիշչենկոն:
Սուրբ Խաչը պետական նշանակության հուշարձան է, որ մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է հայերի հոգեւոր կենտրոնը եւ ուխտատեղին:
Ղրիմի իշխանությունների ծրագրերի կապակցությամբ վերջերս հանդես է եկել նաեւ Սուրբ Էջմիածինը եւ հայտնել, թե կանի ամեն հնարավորը՝ նման զարգացում թույլ չտալու համար: Ղրմի վանքը պետք է պահպանի նախկին կարգավիճակը, կարծում է Հայ առաքելական եկեղեցին:




























