Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակությամբ դեկտեմբերի 9-ին ՀՀ դատախազությունը, ԱՄՆ միջազգային զարգաման գործակալությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համաժողով էին կազմակերպել։

Բացման խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար պետական մարմինները պետք է թափանցիկ աշխատեն եւ գործունության մասին հաշվետվություններ ներկայացնեն։ Ըստ նրա՝ հասարակական կազմակերպությունները պետք է ավելի ակտիվ լինեն կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ առաջարկներ ներկայացնելիս։ Վարչապետի խոսքով՝ կոռուպիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար հակակոռուպցիոն հանձնաժողովի մոնիտորինգի աշխատանքներին հրավիրվում են նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սակայն նրանք ցանկալի հետեւողականություն չեն դրսեւորում։ «Տպավորությունս այն, որ նրանց մոտ բացակայում է հետեւողականությունը։ Առաջարկներ քիչ են արվում հասարակական կազմակերպությունների կողմից»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ հանձնաժողովը պատրաստ է քննարկելու ներկայացվող առաջարկները։

Ըստ Տ. Սարգսյանի՝ միջազգային փորձագետները դրական եւ ընդգրկուն են գնահատել Հայաստանում ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթուղթը։ «Եվրամիության փորձագետները նույնիսկ նշում են, որ այն չափազանց ծավալուն է, այդ իսկ պատճառով առաջիկայում այդ փաստաթղթում կընտրվեն թիրախներ, որպեսզի ավելի հստակ լինի անելիքները»,- ասաց Տ. Սարգսյանը։

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ կոռուպցիայի դեմ պայքարում։ «Կոռուպցիան է այն հիմնական պատճառը, որ Հայաստանը չի կարողանում ամբողջությամբ դուրս գալ միջազգային շուկա, որովհետեւ կաշառակերությունն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման եւ արտասահմանյան ներդրումների քանակի հետ»,- նշեց դեսպանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն եւս զերծ չէ կոռուպցիայից, բայց Միացյալ Նահանգներում իշխանություններն ու հասարակությունը ակտիվ պայքար են մղում երեւույթի դեմ։

Համաժողովում ելույթ ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ այս տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ ավելի շատ են արձանագրվել՝ 9 ամսվա ընթացքում 307 գործ է հարուցվել։ Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում օգնում է նաեւ Հատուկ քննչական ծառայության գործունեությունը։ «Այստեղ քննվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված քրեական գործեր, որոնք նաեւ կոռուպցիոն բնույթի են լինում»,- նշեց գլխավոր դատախազը՝ ավելացնելով, որ դատախազությունն իր գործունեությամբ ցանկանում է հասարակության շրջանում ավելի մեծ վստահություն ձեռք բերել՝ ապացուցելով, որ կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է ընթանում։

NEWS.am-ի թղթակցի հետ հարազրույցում Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշեց, որ մարզերում կոռուպցիայի դեմ պայքար գրեթե չի իրականացվում։ «Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված անօրինական գործողությունների 15 դեպք ենք արձանագրել, նյութերը պատրաստել ենք, ու տարամադրել նրանց ղեկավարությանը, բայց ընթացք չի տրվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գործերից 13-ի կապակցությամբ նշել են, թե մեղադրանքները անհիմն են, իսկ երկուսի կապակցությամբ ծառայողական քննություն է կատարվել, որի ավարտից հետո ոչ մի պատիժ չի սահմանվել։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ հասարակական վստահության մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ քաղաքացիների իրավունքները ակնհայտ խախտող պետական ծառայողները բացահայտումներից հետո էլ անպատիժ են մնում։