Եվրոպան հայտնվել է գնաճի նոր ալիքի մեջ, որի պատճառը նավթային ճգնաժամն է: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Գերմանիայում և Իսպանիայում ապրիլ ամսին գնաճը կրկին հասել է պատմական առավելագույնին։

Գներն աճում են սպասվածից ավելի արագ տեմպով։ Գերմանիայում սպառողական զամբյուղն անցած տարվա համեմատ թանկացել է 2,9%-ով (մարտին այն 2,8% էր)։ Ըստ «Destatis» պետական գործակալության՝ սա 2024 թվականի սկզբից ի վեր գնաճի ամենաբարձր ցուցանիշն է։

Իրավիճակն ավելի բարդ է Իսպանիայում․ այնտեղ գնաճը հասել է 3,5%-ի։ Սա վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր մակարդակն է։

Գնաճի հիմնական պատճառը էներգակիրներն են։ Վառելիքի և էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցրել է մյուս բոլոր ապրանքների գների աճին։ Գերմանիայում էներգակիրների ծախսերն աճել են 10,1%-ով, ինչը գերմանացիների գրպանին հասցված ամենահզոր հարվածն է 2023 թվականի էներգետիկ ճգնաժամից հետո։

Վերլուծաբանների կարծիքով՝ պատճառը Հորմուզի նեղուցի փակումն է: Brent տեսակի նավթի գինն արդեն անցել է 110 դոլարից, իսկ ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունների ձախողումն է՛լ ավելի է անհանգստացնում ներդրողներին:

Բանկային ոլորտի մասնագետները ուշադիր հետևում են իրադարձություններին, քանի որ հենց այսօր՝ ապրիլի 30-ին, Եվրոստատը կհրապարակի Եվրոգոտու ընդհանուր տվյալները: Այս թվերից է կախված լինելու վերաֆինանսավորման տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը, թեև փորձագետները կանխատեսում են, որ դրանք առայժմ անփոփոխ կմնան:

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը բավականին կոշտ դիրքորոշում է հայտնել՝ ասելով, որ իրավիճակը դժվար թե արագ մեղմանա:

«Հակամարտության բռնկումից առաջ եղած վիճակին վերադառնալու հեշտ ճանապարհ չկա: Մարդիկ և ընկերությունները նոր են հաղթահարել գնաճային մեծ ցնցումը և այժմ կարող են շատ ավելի սուր արձագանքել ծախսերի ցանկացած աճի: Այդ հիշողությունը դեռ շատ թարմ է», — նշել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը:

Գործարար միջավայրում լավատեսությունը նվազում է. տնտեսական սպասումների ցուցանիշն իջել է մինչև 2020 թվականի՝ համավարակի մակարդակին: Այն ժամանակ տնտեսությունը կաթվածահար էին անում լոկդաունները, իսկ հիմա՝ պատերազմն ու թանկացումները:

Եվրոպական կենտրոնական բանկն արդեն կատարել է նախնական հաշվարկները.

Նավթի գնի յուրաքանչյուր 14% աճն ընդհանուր գնաճին ավելացնում է 0,5%:

2026 թվականին գնաճը միջինում կկազմի 2,6%:

Սա զգալիորեն գերազանցում է բանկի սահմանած 2% թիրախը:

Տնտեսագետների վատթարագույն կանխատեսումները բավականին մռայլ են. եթե հակամարտությունը ձգձգվի, 2027 թվականին գնաճի գագաթնակետը կարող է հասնել 4,8%-ի: Սա կարող է թանկ կյանքի և ցածր գնողունակության երկարատև շրջան ձևավորել միլիոնավոր եվրոպացիների համար: