Ապրիլի 30-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը գրոհել են Նիժնի Նովգորոդի մարզի Դզերժինսկ քաղաքը։ Այս մասին Shot տելեգրամյան ալիքին հայտնել են տեղի բնակիչները։ Նրանց փոխանցմամբ՝ քաղաքի տարբեր հատվածներում շուրջ 10 պայթյուն է որոտացել։ Պայթյունների ձայներ են լսվել նաև Նիժնի Նովգորոդի հարևանությամբ գտնվող Կստովո քաղաքի հարավային և կենտրոնական շրջաններում։ Մարզային իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել հարձակման մասին տեղեկությունը։ Astra լրատվականի իրականացրած տեսանյութերի և լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ Դզերժինսկում անօդաչուների թիրախը եղել է «Յա. Մ. Սվերդլովի անվան գործարանը»։ Հարվածից հետո ձեռնարկության տարածքից ծխի հաստ սյուն է բարձրացել։

Դզերժինսկի Սվերդլովի անվան գործարանը Ռուսաստանի պայթուցիկ նյութերի խոշորագույն արտադրողներից է և ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Այն երկրի ռազմարդյունաբերական համալիրի մաս է կազմում և ունի ռազմավարական նշանակություն։ Գործարանը ներառված է Կիևի պատժամիջոցների ցուցակում՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարող կամ սպառնացող գործողություններին աջակցելու համար»։ Ձեռնարկությունը հայտնվել է նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի պատժամիջոցների տակ։ Ուկրաինական անօդաչուները նախկինում ևս թիրախավորել են այս գործարանը։ Մասնավորապես, 2024 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակման հետևանքով վնասվել էր ձեռնարկության արտադրամասերից մեկը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները ռուսական տարբեր մարզերի երկնքում «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 189 անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, ԱԹՍ-ներ են նկատվել Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերում։

Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերը թիրախային հարվածներ են հասցրել Ռուսաստանի այն քիմիական ձեռնարկություններին, որոնք կարող են հումք մատակարարել զենքի արտադրության համար։ Այսպիսով, ապրիլի 6-ին գրոհի էր ենթարկվել Վորոնեժի մարզի Ռոսոշ քաղաքի «Մինուդոբրենիե» գործարանը, իսկ ապրիլի 4-ին՝ Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի երկու քիմիական հսկաները՝ «Տոլյատիկաուչուկը» և «ԿույբիշևԱզոտը»։

Մարտի 27-ին անօդաչուները հարվածել էին «ՖոսԱգրո» խմբի Չերեպովեցի քիմիական կլաստերի մեջ մտնող «Ապատիտ» բաժնետիրական ընկերությանը։ Փետրվարի 25-ին հարձակման էր ենթարկվել Սմոլենսկի մարզի «Դորոգոբուժ» գործարանը, ինչի հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Փետրվարի 17-ին անօդաչուները խոցել են Պերմի երկրամասի «Մետաֆրաքս Քեմիքալս» գործարանը, իսկ փետրվարի 7-ին հարվածի տակ է հայտնվել Տվերի մարզի խոշորագույն քիմիական ձեռնարկությունը՝ Ռեդկինոյի փորձնական գործարանը։