Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Երևան այցի ընթացքում Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոյի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի եվրաինտեգրումը։
«Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեցի Ֆինլանդիայի՝ Ուկրաինայի պաշտպանական աջակցությանը լրացուցիչ 300 միլիոն դոլար հատկացնելու վերջին որոշման համար։ Մենք անկեղծորեն գնահատում ենք դա, և քննարկել ենք մեր պաշտպանության առաջնահերթ ուղղությունները՝ նախևառաջ հակաօդային պաշտպանության ոլորտում, որոնք հնարավոր է ուժեղացնել այս փաթեթի միջոցով։ Վարչապետին առաջարկեցի ամրապնդել մեր երկկողմ գործընկերությունը՝ ստորագրելով համաձայնագիր Drone Deal ձևաչափով։
Ուկրաինան պատրաստ է կիսվել փորձով և ուժեղացնել նրանց, ովքեր մեզ ուժեղացնում են լիամասշտաբ ներխուժման հենց սկզբից։ Առանձին անդրադարձել ենք նաև միջազգային աշխատանքին, մասնավորապես՝ մեր եվրաինտեգրմանը։ Հենց հիմա լավ հնարավորություն կա բացելու բանակցային կլաստերները, և Ուկրաինան լիովին արժանի է դրան։ Շնորհակալություն Ֆինլանդիային աջակցության համար», գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը գտնվում է Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։





























