Առնվազն երեք ժայթքում է տեղի ունեցել Սեմերու հրաբխում՝ Ինդոնեզիայի կենտրոնական մասում գտնվող Արևելյան Ճավա նահանգում։ Այդ մասին Antara գործակալությունը հայտնել է՝ հղում անելով դիտակետի տվյալներին։

Դրա աշխատակիցների տեղեկություններով՝ մոխիրը հասել է հրաբխի խառնարանից 800 մ բարձրության կամ ծովի մակարդակից 4 476 մ բարձրության։ Ժայթքումներն ուղեկցվել են սպիտակ, մոխրագույն և սև գույների մոխրի ինտենսիվ արտանետումներով։ Մոխրի ամպերը տարածվել են արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով։ Տեղական իշխանությունները զբոսաշրջիկներին և շրջանի բնակիչներին արգելել են մոտենալ խառնարանին 5 կմ շառավղով՝ հրաբխի կողմից շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։

Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է (ծովի մակարդակից 3 676 մ) և Ճավա կղզու ամենաբարձր գագաթը։

Աշխարհի ամենախոշոր Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզուց, գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան Կրակի օղակում, ինչի պատճառով տարածաշրջանը ենթակա է ուժեղ սեյսմիկ ակտիվության։ Ընդհանուր առմամբ Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող են մոտ 130-ը։