Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտափույթ կերպով հուշագիր ստորագրել հակամարտության ավարտի մասին, պնդում է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։

«Սպիտակ տունը կարծում է, որ մոտ է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։ Քանի որ այն միտված է պատերազմը դադարեցնելուն և ավելի մանրամասն բանակցությունների համար հիմք ստեղծելուն», - գրում է պորտալը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և տեղեկացված աղբյուրներին։

Միևնույն ժամանակ, աղբյուրները նշել են, որ առայժմ ոչինչ չի ստորագրվել, սակայն կողմերը հիմա համաձայնությանն ամենամոտն են հակամարտության սկզբից ի վեր։

Պորտալի տեղեկություններով՝ հուշագիրն իր ներկայիս տեսքով ներառում է հակամարտության ավարտի, 30-օրյա բանակցային շրջանի, Թեհրանի միջուկային ծրագրի, ամերիկյան պատժամիջոցների վերացման և Օրմուզի նեղուցի բացման հարցերով հայտարարությունները։

Պորտալի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են անցկացվել Ժնևում կամ Իսլամաբադում։