Գրենլանդիան կոլեկտիվ պաշտպանության նպատակներով օգտագործելու շուրջ Դանիայի և Գրենլանդիայի հետ բանակցությունները «կառուցողական հունում են», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Սառա Մաքբրայդը Ռուբիոյին հարց է ուղղել. «Ենթադրում եմ՝ Դուք տեղյակ եք, որ Գրենլանդիան Դանիայի մաս է կազմում»։ Ինչին Ռուբիոն պատասխանել է. «Առայժմ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներն այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռք բերի կամ իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան (դանիական կիսաինքնավար տարածք), ավելի վաղ լարվածություն էին առաջացրել Վաշինգտոնի և Կոպենհագենի հարաբերություններում, ինչպես նաև լայն արձագանք էին գտել Եվրոպայում։
Մաքբրայդը հարցրել է. «Արդյոք Միացյալ Նահանգները պարտավո՞ր է տիրապետել ՆԱՏՕ-ի ներսում գտնվող հողին, որպեսզի պաշտպանի այն»։
«Ներկայում մենք ներգրավված ենք Գրենլանդիայի և Դանիայի հետ բանակցություններում՝ բոլորիս կոլեկտիվ պաշտպանության համար Գրենլանդիայի օգտագործման շուրջ։ Դա հակահրթիռային պաշտպանության առանցքային տարր է, և հենց հիմա մենք վարում ենք այդ քննարկումները։ Կարծում եմ՝ այս պահին մենք շատ լավ կետում ենք գտնվում»,- պատասխանել է Ռուբիոն։
Պետքարտուղարը նշել է, որ Դանիայի և Գրենլանդիայի հետ շփումներն իրականացվում են ամսական կտրվածքով։ «Կարծում եմ՝ որոշակի պահի մենք բավականին լավ նորություններ կունենանք այդ առնչությամբ»։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է հրապարակավ քննարկել մանրամասները։ «Նախագահի դիրքորոշումն այն է, որ տարածքը պաշտպանելը շատ ավելի հեշտ է, երբ դուք ունեք վերահսկողություն՝ լիակատար և բացարձակ վերահսկողություն դրա նկատմամբ»,- ընդգծել է Ռուբիոն։
Ռուբիոն հավելել է, որ կիսում է Թրամփի այն կարծիքը, ըստ որի՝ Գրենլանդիայում ամերիկյան զորքերի տեղակայման վերաբերյալ ընթացիկ համաձայնագրերը բավարար չեն, և տարածքին տիրապետելը զգալիորեն կպարզեցներ պաշտպանության ապահովման խնդիրները։





























