ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության մշակած տարհանման նոր սխեմայի շրջանակներում արդեն մի քանի նավ է հատել Հորմուզի նեղուցը։ Չորեքշաբթի օրն այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել երթուղուց օգտված կոնկրետ նավերի վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։

LSEG նավերի հետագծման համակարգերի տվյալներով՝ վերջին 12 ժամվա ընթացքում առնվազն երկու չորաբեռնատար և մեկ բեռնատար նավ է անցել նեղուցով։ Բացի այդ, ևս առնվազն 35 կոմերցիոն նավ՝ հիմնականում չորաբեռնատարներ, կոնտեյներատարներ և բեռնատար նավեր, պատրաստվում են անցնել ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրային ուղով։

Երեքշաբթի օրը Միջազգային ծովային կազմակերպությունը պաշտոնապես ներկայացրել է ամիսներ տևած բանակցությունների արդյունք հանդիսացող այս ծրագիրը։ Այն միտված է Հորմուզի նեղուցով հարյուրավոր նավերի անվտանգ անցումը ապահովելու համար, քանի որ որոշ նավեր տարածաշրջանային լարվածության պատճառով շրջափակված են մնացել Պարսից ծոցում։

Կազմակերպության գնահատականներով՝ այս սխեմայի կիրառումը թույլ կտա ծոցից դուրս բերել հարյուրավոր կոմերցիոն նավեր, որոնց տախտակամածերին շուրջ 11 հազար նավաստի կա։ Կազմակերպությունն ակնկալում է, որ այս մեխանիզմի գործարկումը կօգնի աստիճանաբար վերականգնել աշխարհի կարևորագույն ծովային երթուղիներից մեկով բնականոն նավագնացությունը, քանի որ հենց այդ նեղուցով է անցնում համաշխարհային նավթամատակարարումների և այլ բեռների զգալի մասը։