«Նոր ժամանակներ» կուսակցության համար ընտրությունների արդյունքները, ոչ միայն կանխատեսելի էին, այլեւ այդ կանխատեսումը համընկել է իշխանությունների ներկայացրած թվերի հետ Այս մասին, այսօր` մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, նույնիսկ իշխանությունը չի հերքում, որ կեղծիքներ են եղել, այլ հարց է, թե ինչ բնույթի կեղծիքների են դիմել` ընտրակաշառքներ, թանաքը ցնդող գրիչներ եւ այլն:
«Դուրս է գալիս, որ իշխանությունը ժողովրդին ասում է. «Ինչքան մենք ստիպում ենք, որ դուք այստեղից գնաք, աղքատ ապրեք, չունենաք ժողովրդավարական ազատություններ, այնքան մեզ ավելի շատ ձայն եք տալու»,- նշեց Արամ Կարապետյանը, հավելելով, որ այս ընտրություններից մնաց ՀՀԿ-ի կարգախոսը` «Հավատանք, որ փոխենք»:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, Արամ Կարապետյանն ասաց, որ ՀԱԿ-ի հիմնական խնդիրը Լեւոն-Տեր Պետրոսյանի ինտրիգային դաշտում գործելն է:
Անդրադառնալով նոր խորհրդարանում հնարավոր կոլաիցիայի ստեղծմանը, ՆԺԿ առաջնորդն ասաց, որ կիսահղի կոալիցիա չի լինում, իսկ եթե կոալիցիա ստեղծվի, ապա այն ծրագրավորողները շատ ճիշտ էին մտածել` ԲՀԿ-ին ուղարկել ընդդիմադիր դաշտ եւ ՀԱԿ-ի ձայները վերցնել:
Իսկ, եթե ԲՀԿ-ն չի գնում կոալիցիայի, ապա, ըստ Կարապետյանի, նրան այլ ճանապարհ չի մնում, քան մնալ դեռ կենտրոնական ընդդիմություն: «ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն չի կարող լինել, քանի որ բիզնեսի վրա ճնշումներ կսկսեն: Ինտրիգը ներկա պահին այն է, թե նախագահական ընտրություններում ում կպաշտպանի ԲՀԿ-ն»,-ասաց նա:
Արամ Կարապետյանը հիմքեր չի տեսնում, որ ՀԱԿ-ը կվիճարկի ընտրությունների ընթացքը, հավելելով, որ քաղաքական դաշտը կակտիվանա սեպտեմբերին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


























