Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ, հավասարակշռված մթնոլորտում եւ օրենքի զգալի խախտումներ չեն եղել: Այս մասին այսօր` մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը եւ քարտուղար Հասմիկ Սարգսյանը:
Կազմակերպության 4 հազար դիտորդները եղել են 1975 տեղամասերում եւ դիտարկել ընտրությունների ընթացքը: Հարություն Համբարձումյանը, անդրադառնալով ընտրախախտումներին, նշեց, որ թիվ 5/35 ընտրատեղամասում կարմիր թանաքով քվեարկված ծրարները կնքվել եւ դրանք անվավեր են ճանաչվել, թիվ 6/16-ում՝ 8 ծրար, առանց կնիքի, գցվել է քվեատուփի մեջ:
Սյունիքի թիվ 38/40 տեղամասում, նրա խոսքով, մեծ թվով զինծառայողներ քվեարկել են իրենց հրամանատարի ներկայությամբ: Հրամանատարը՝ ժամը 09:30-ից, մոտ, մինչեւ 18:00-ը ներկա է եղել տեղամասում: Հարություն Համբարձումյանը նշեց, որ արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ կողմնակի անձանց հետ ընտրողը մոտեցել է քվեարկության խցիկին եւ նման այլ դեպքեր:
Իսկ Հասմիկ Սարգսյանի խոսքով` արձանագրվել է խաղաղ եւ հավասարակշռված մթնոլորտ` գերազանցապես ընտրական ընթացակարգերի պահպանմամբ:
«Տեղամասերի զգալի մասում ընտրողները կարողացել են ազատ, առանց արհեստական խոչընդոտների արտահայտել իրենց կամքը` քվեարկության միջոցով: Քվեաթերթիկների հաշվման ժամանակ եւս օրենքի զգալի խախտումներ չեն արձանագրվել»,-ասաց Հասմիկ Սարգսյանը:


























