Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել «Ժառանգություն» կուսակցության ընտրակեղծիքների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան բնակարանների հասցեներում:

Ըստ «Ժառանգության» գնահատականի, ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական եւ ժամանակավոր ցուցակների հետ իրականացված «մանիպուլյացիաներն» ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը:

ՀՀ ոստիկանությունն անհիմն է որակում տարածված տեղեկատվությունը:

Բնակիչների հաշվառումները ոստիկանությունն իրականացրել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հիշյալ իրավական ակտերը բնակիչներին «ժամանակավոր գրանցման» իրավունք չեն վերապահում:

Թե մշտական, թե լրացուցիչ ցուցակները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքի տառին համապատասխան: Բոլոր ընտրողները ներառված են եղել ընտրողների միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ: Ընդ որում, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները քվեարկության օրվանից երկու օր առաջ հրապարակվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ՀՀ ոստիկանության համացանցային կայքերում` համապատասխանաբար որոնման եւ ներբեռնման հնարավորություններով:

Քվեարկության օրը ստացվել է ընտրացուցակների անճշտության վերաբերյալ ընդամենը մեկ հավաստի հաղորդում, որը չի վերաբերվել միեւնույն անձի` տարբեր ցուցակներում միաժամանակյա ընդգրկված լինելուն:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ցանկացած ահազանգի արագ եւ օպերատիվ արձագանքելու իր գործելաոճին՝ «Ժառանգության» կուսակցությանը կոչ է անում տրամադրել ընտրացուցակների վարման խախտումների վերաբերյալ թեկուզ մեկ փաստ, եթե դրան, իհարկե, տիրապետում է»: