Հայաստանի մշակույթի նախարարության առաջարկությամբ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը բանակից տարկետում կստանա` մինչեւ 2014 թ. գարնանային զորակոչը: Հարցը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում:

Հայրապետ Առաքելյանը 1999-2008 թթ. սովորել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 2008 թ. ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարան: 2005 թ. կատարելագործվել է Գերմանիայում` աշխարհահռչակ սաքսոֆոնահար, պրոֆեսոր Դանիել Գոթիեի դասարանում: 2009 թ. ընդունվել է Գերմանիայի Քյոլն քաղաքի բարձրագույն երաժշտական դպրոց:

Հ. Առաքելյանը միջազգային տարբեր մրցույթներում նվաճել է մրցանակային բարձր տեղեր, ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում:

Հ. Առաքելյանին պարտադիր զինվորական տարկետման միջնորդություններ են ներկայացրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Է. Միրզոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Է. Թադեւոսյանը, հայտնի կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ՀՊՖՆ գեղարվեստական   ղեկավար  եւ  գլխավոր  դիրիժոր,  ՀՀ վաստակավոր արտիստ Է. Թոփչյանը: