«Շանհայ Էքսպո 2010» ցուցահանդեսի Հայաստանի տաղավարը տուն է բերվել առանց խախտումների: Այդ մասին NEWS.am-ին նշեցին Զարգացման հայկական գործակալությունում: Մասնավորապես` Շանհայում ցուցադրված «Աշխարհի քաղաքը» նախատեսվում է ցուցադրել «Գաֆեսճյան» թանգարանում:
Ցուցահանդեսն անցել էր Շանհայում` 2010 թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Հայաստանի մասնակցությունը համակարգում էր Զարգացման հայկական գործակալությունը:
Հիշեցնենք, ըստ ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարման հսկողության 2011 թ. հաշվետվության, ցուցահանդեսից հետո Չինաստանից ներկրված 101.6 մլն դրամ գումարով ապրանքը մուտքագրվել է ԶՀԳ-ում, սակայն նախարարությանը տրված հաշվետվությունում որպես պահեստավորված միջոցներ չեն արտացոլվել:
Նշված գումարի մեջ մտել է Հայաստանի տաղավարի ցուցադրությունը` ներառյալ «Աշխարհի քաղաքի» մակետը: Ինչպես փոխանցեց ԶՀԳ-ն, նախարարության ստուգումներն ընդգրկում էին 2008-2010 թվականները եւ 2011-ի 1-ին կիսամյակը, իսկ Շանհայից բերված գույքի մաքսազերծումն ավարտվել էր 2011 թ. օգոստոսին, հետեւաբար ստուգման մեջ ներառվել չէր կարող:
Մասնավորապես, Հայաստանի տաղավարի ցոցադրության մեջ էր մտել «Աշխարհի քաղաքի» եռաչափ մոդելը` բաղկացած տարբեր երկրների ոճով ստեղծված թաղամասերից: Ցուցադրված էին նաեւ հուշանվերներ` կտորե գլխարկներ, ծղոտե գորգիկներ, ինչպես նաեւ բջջային հեռախոսների համար կտորե գրպանիկներ: Այս ամբողջն` ըստ կառավարության մարտի 22-ի որոշման, հանձնվել է ԶՀԳ-ին` ցուցահանդեսների կազմակերպման համար:
Ըստ Ֆիննախի հաշվետվության, ստուգումների արդյունքով արձանագրվել է պետբյուջե վերադարձի ենթակա 81,8 մլն դրամ:
Այդ կապակցությամբ ԶՀԳ-ում նշեցին, որ մասնակցության ծախսերն ապահովվել են ՀՀ պետբյուջեից եւ չինական կողմից: Գումարի առաջին մասը տրամադրվել է 2010թ. հունիսին: Ցուցահանդեսի բացմանը լավագույնս պատրաստվելու նպատակով, որոշ հավելյալ ծախսեր կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներից, որոնք հետագայում ամբողջությամբ փոխհատուցվել են չինական կողմից:
Ինչ վերաբերում է «Մուլտիմեդիա ծրագրի պատրաստում» աշխատանքների գծով ծրագրին (որտեղ 14,8մլն դրամ ծախսը նշվել էր որպես սկզբնական փաստաթղթերով չհիմնավորված), ապա, ըստ ԶՀԳ-ի, «Armenia Section of Expo 2010» կազմակերպության եւ ցուցահանդեսի կազմկոմիտեի, փաաստաթղթերի`կազմակերպության և ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի գրությունների, տեխնիկական առաջադրանքի, համապատասխան պայմանագրի, վճարման հանձնարարագրերի, ինչպես նաև տեղեկանք հաշվետվության և աշխատանքների կատարողական ակտի առկայությունը չեն կարող չդիտարկվել որպես սկզբնական հիմնավորող փաստաթղթեր:
Ավելին` գործարքների կնքման դեպքում, բացի վերը թվարկվածներից, այլ սկզբնական հիմնավորող փաստաթղթեր գործարար շրջանառության մեջ, ինչպես նաև օրենքով, սահմանված չեն:




























