Խորհրդարանական ընտրություններից հետո շատ կարճատեւ ժամանակահատվածում հայկական դրամը զգալիորեն թուլացավ ամերիկյան դոլարի նկատմամբ: Դոլարի ներկայիս փոխարժեքը (1դոլար/396 դրամ) ամենաբարձրն է վերջին 2 տարում, ու դեռ բարձրանալու միտում ունի: Ճիշտ է` դոլարը բարձրանալու միտում ունի նաեւ միջազգային շուկաներում, ու արդեն հասցրել է «խեղճացնել» եվրոյին (մայիսին եվրոյի փոխարժեքը կայուն ցածր է 1.3 դոլարից), սակայն միայն այդ գործոնով հայկական ֆինանսական շուկայի միտումները բացատրել ճիշտ չէ:

Ընդհանուր առմամբ` դրամը վաղուց է գտնվում արժեզրկումային ճնշումների ներքո, սակայն նախընտրական շրջանում այդ գործընթացը ժամանակավորապես կանգ առավ` շուկայում հայտնվեցին լրացուցիչ մի քանի տասնյակ դոլարներ: Սակայն դոլարի նախընտրական «զսպաշապիկը» հանվել է, ու փոխարժեքն իրեն բավական ազատ է զգում: ՀՀ կենտրոնական բանկը մի կողմից փորձում է ինչ-որ չափով զսպել փոխարժեքի կտրուկ տատանումը, այդ նպատակով իրականացնելով դոլարային ինտերվենցիաներ, սակայն մյուս կողմից նպաստում է դրամի թուլացմանը` շրջանառություն բաց թողնելով լրացուցիչ դրամներ: Այսպես` նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն ֆոնդային բորսայում վաճառել է 6,5 մլն դոլար:

Եթե նման քանակությամբ դոլար վաճառքի հանվեր ապրիլին կամ մարտին, ապա միանգամայն բավարար կլիներ դոլարի փոխարժեքը գոնե մի քանի օրով ճնշելու համար: Սակայն այս անգամ այն շուկայում ցանկալի ազդեցություն չգործեց: Պատճառը` դրամի քանակության աննախադեպ աճն է: Այն սպասումները, որ ընտրություններից հետո շուկայում դրամի քանակությունը կպակասի (ԿԲ-ն կներքաշի ավելցուկային դրամը) առայժմ չեն արդարանում: Ավելին` կանխիկ դրամի քանակությունը մայիսի 11-ի դրությամբ հասել է  395 մլրդ դրամի` գերազանցելով մինչ ընտրությունները կանխիկ դրամի քանակությանը: Հավանաբար` դա պայմանավորված է ապրիլի թոշակների վճարման գործընթացի ձգձգմամբ: Այսպես, թե այնպես` շուկայում ավելցուկային դրամներ կան, որ տնտեսությունը չի հասցնում «մարսել», ինչի հետեւանքով այդ զանգվածը սկսում է ճնշել փոխարժեքին: Հետեւաբար` ոչ մի զարմանալի բան չկա դրամի արժեզրկման տեմպի արագացման մեջ:

Հայտնի չէ` արդյո՞ք ԿԲ-ն առաջիկայում կներքաշի դրամի մի մասը` ֆինանսական շուկան կայունացնելու համար: Սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ամռանը տեղի է ունենում դրամի ժամանակավոր ամրապնդում, կապված գյուղմթերքների մթերումների հետ (դրամի նկատմամբ պահանջարկ է ստեղծվում): Մթերումների սեզոնը շատ հեռու չէ` հունիսի կեսերից այն կմտնի իր եռուն շրջանը, ինչը կերկարաձգի դրամի կայունության կամ նույնիսկ կարճատեւ արժեւորման փուլը:

Սամվել Ավագյան