Վարդան Ղուկասյանը շարունակելու է պաշտոնավորել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում եւ հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը, անդրադառնալով այդ մասին տարածված տեղեկություններին:

«Ցավոք բանսարկությունը տաղանդի հետ կապ չունի եւ այդ տեղեկությունները դրա վառ օրինակն են: Սա բանսարկություն է եւ ընդհանրապես իրականության հետ կապ չունի: Ես չգիտեմ, թե դա ում մթագնած մտքի արգասիքն է, որն այսպես արագորեն տարածվում է կայքերով: Նման բան չկա, մենք հանդարտ աշխատում ենք եւ կառուցում ենք մեր քաղաքը»,- հավաստիարեց Լիլիթ Աղեկյանը:

Հարցին, թե իր կարծիքով, ո՞ւմ կողմից են բանսարկությունները, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Գիտեք, սա պերմանենտ բնույթ է կրում, երեւի, ինչ-որ մի խմբակ գոյություն ունի կամ մի քանի խմբակներ, որոնք նստում որոշում են, թե ինչ անեն, որ ինտրիգ ստեղծեն: Հիմա էլ նստել են հերթական ինտրիգն են ստեղծել: Բայց մենք այս ամենի նկատմամբ իմունիտետ ունենք եւ անտարբերությամբ ենք վերաբերում: Ուղղակի ցավում ենք այն մարդկանց համար, ովքեր շատ անտաղանդ բամբասանքներ են տարածում»:

Լ. Աղեկյանի փոխանցմամբ, Վարդան Ղուկասյանը ՀՀԿ համամասնական ցուցակի կազմելուց անմիջապես հետո ասել է, որ ինքը խորհրդարան չի ուզում գնալ եւ շարունակելու է իր աշխատանքը որպես քաղաքապետ: «Վստահեցնում եմ ձեզ, որ նա շարունակելու է իր աշխատանքը: Առջեւում մենք ունենք ընտրություններ եւ նա առաջադրելու է իր թեկնածությունը»,-ամփոփեց նա: