Պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա պատմել է տեսաուղերձի ընթացքում, որը հրապարակել է իր YouTube-յան ալիքում։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է ապահովի քվեարկության հնարավորությունը զինծառայողների, արտերկրում գտնվող միլիոնավոր ուկրաինացիների, ինչպես նաև ռազմաճակատամերձ տարածքների քաղաքացիների համար, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

«Եթե պատերազմը ձգձգվի ևս մեկ, երկու, երեք տարի, արդյո՞ք Ռուսաստանը կարող է փաստացի իրավունք ստանալ որոշելու, թե երբ ուկրաինացիները կրկին կկարողանան ընտրել իրենց իշխանությունը։ Ես համոզված եմ, որ՝ ոչ։ Ժողովրդավարությունը չի կարող լինել Ռուսաստանի պատանդը։ Մենք կռվում ենք հենց այն պատճառով, որ ցանկանում ենք մնալ ազատ եվրոպական պետություն», — նշել է պաշտպանության նախկին նախարարը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատերազմի ընթացքում չի կարող մնալ առանց լիարժեք նշանակված պաշտպանության նախարարության ղեկավարի, ինչպես նաև կոչ է արել ավելի լայն քննարկման՝ պետության և ժողովրդավարության ապագայի վերաբերյալ։

Առանձին Ֆյոդորովը մեկնաբանել է իր պաշտոնանկության դեմ բողոքի ցույցերը, որոնք շարունակվում են արդեն մեկ ամիս։

«Մարդիկ չեն կարող անվերջ ապրել մի պետությունում, որտեղ չեն հասկանում, թե ինչու են ընդունվում այս կամ այն որոշումները։ Ինչու են որոշ բարեփոխումներ առաջ մղվում, իսկ մյուսները՝ արգելափակվում։ Ինչու այսօր ճակատում անհրաժեշտ որոշումները ամիսներով շրջում են կաբինետներով։ Եվ հատկապես վտանգավոր է, երբ հասարակության մոտ առաջանում է այնպիսի զգացողություն, որ մարդու նշանակման գլխավոր չափանիշը ոչ թե նրա պրոֆեսիոնալիզմն է, ոչ թե արդյունքը և ոչ թե երկիրը փոխելու կարողությունը, այլ համակարգին անձնական հավատարմությունը», — նշել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է կառուցի մի պետություն, որտեղ ինստիտուտներն ավելի ուժեղ են, քան ազգանունները, արդյունքն ավելի կարևոր է, քան քաղաքական հավատարմությունը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը երկրի ապագայի գրավականն է։

Հուլիսի 31-ին Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում քաղաքական ընդդիմության մեջ չի գտնվելու նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ, սակայն չի համաձայնի վերադառնալ կառավարություն՝ բացառությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնի։