«Թուրքիան վերածվել է մի երկրի, որն աջակցում է հայերին՝ Կովկասում, հույներին՝ Կիպրոսում, իրաքյան քրդերին՝ Իրաքում: Միեւնույն ժամանակ նա բավական սառն է իրաքյան թուրքմենների նկատմամբ, իսկ ադրբեջանցի եղբայրներին ընդհանրապես արհամարհում է»,- թուրքական ծայրահեղ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի խոսքերն է մեջբերում Hürriyet Daily News-ը:
Պարբերականը նշում է, որ Անկարայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Բահչելին ասել է, թե «Թուրքիան գտնվում է պառակտման նախաշեմին, իսկ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է հրաժարվի կործանարար նախագծերից, որոնք Թուրքիան վտանգում են»:
Համաձայն Hürriyet Daily News-ի, Բահչելին հիշել է Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, եւ դիմելով Էրդողանին՝ նշել է. «Որպես երկրի վարչապետ՝ դուք պատասխանատվություն եք կրում անվտանգության համար: Դուք պատասխանատու չեք ձեռքերն արյունով աղտոտած ահաբեկիչների համար, սակայն պատասխանատու եք մեր ժողովրդի անմեղ զոհերի համար: Դուք պղծել եք մեր ազգային արժեքները վերջին 7 տարիների ընթացքում: Դուք ահաբեկիչներին հրավիրել եք բանակցությունների սեղանի շուրջ եւ սկսել եք համագործակցել Օջալանի հետ: Հրաժարվեք այդ ապակառուցողական նախաձեռնություններից…»:




























