Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ), այսօր` մայիսի 16-ին, տեղի է ունեցել «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին հանդեսի հեղինակները, վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը` հույս հայտնելով, որ պարբերականն անաչառ ու խորը կերպով կմատուցի փոփոխվող աշխարհում տեղի ունեցող առանցքային իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց հայաստանյան ընկալումները: «Այսօր ճանաչողական նոր մեխանիզմների մշակումը խիստ կարեւորվում է, ինչը թույլ կտա համակողմանի հասկանալ տարածագոտում եւ աշխարհում կատարվող հասարակական-քաղաքական երեւույթները եւ, ի մասնավորի, արտաքին մարտահրավերների տրամաբանությունը»,- նշել է Սարգսյանը` հավելելով, որ մեզանում ձեւավորված կարծրատիպերի հաղթահարման եւ բանական մոտեցումների հստակեցման գործում տպագիր վերլուծական մտքի դերը հսկայական է:
Այնուհետեւ ելույթ են ունեցել եւ առաջին համարում զետեղված իրենց աշխատությունների թեմատիկ նյութը համառոտակի ներկայացրին Արմեն Գրիգորյանը, Սարո Սարոյանը, Վարդան Ջալոյանը, Արմինե Ղազարյանը, Էդգար Վարդանյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: Ներկաներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ հոդվածագիրները տվեցին հավելյալ պարզաբանումներ:
«Փոփոխվող աշխարհ»-ը բացվում է ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանի հարցազրույցով, որտեղ հանգամանորեն խոսվում է ինչպես նոր պարբերականի կարեւոր առաքելության, այնպես էլ հայաստանյան ամենահրատապ օրակարգի` ներքին եւ արտաքին հրամայականների մասին, որոնք սպասում են իրենց անկողմնակալ հետազոտողին:
ՌԱՀՀԿ-ի նոր վերլուծական հրատարակությունը նպատակ ունի տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների լույսով վերհանել այսօրվա ու վաղվա հանգուցային խնդիրների, մարտահրավերների եւ հեռանկարների համայնապատկերը, առաջարկել թարմ գաղափարներ ու այլընտրանքային լուծումներ:
Հանդեսի գլխավոր խմբագիրը Մ.Սարգսյանն է, խմբագիրը` Գ.Լալայանը, համակարգչային ձեւավորողն ու էջադրողը` Ա.Թուրաջյանը: Խմբագրական խորհրդում ընդգրկված են Կ.Կալենչյանը, Ս.Սարոյանը, Է.Վարդանյանը եւ Ռ. Պլուզյանը:




























