Շատերը հակված են համարել, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ռուսական «Վեդոմոստի» թերթում հրապարակած հոդվածը «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա»` նոր շրջադարձ է հայ-ռուսական հարաբերություններում: Այդ համատեքստում էլ դիտարկվում է Մաքսային միությանն անդամակցելու անհնարինության մասին հոդվածում տեղ գտած մտքերը:

Սակայն միթե նորություն է Հայաստան-ԵՄ ինտեգրումը: Սա մի գործընթաց է, որին մասնակցություն են ունեցել Հայաստանի բոլոր 3 նախագահները: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք` 1996 թ. սկիզբ դրվեց այդ համագործակցությանը, որն առարկայացավ «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրում: Ռոբերտ Քոչարյանի օրոք այս համագործակցությունը թափ հավաքեց, ինչի հետեւանքով Հայաստանը 2004 թ. ընդգրկվեց Եվրոպական հարեւանության  քաղաքականության շրջանակներում, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ ստորագրեց համատեղ գործողությունների ծրագիր: Իսկ Սերժ Սարգսյանի օրոք էլ` 2010 թ. մեկնարկեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որի շրջանակներում էլ նախապատրաստվում է ԵՄ-ի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը:

Հետեւաբար` Հայաստան-ԵՄ ինտեգրումը բավական տեւական գործընթաց է, որից հրաժարվելու դեպքում միայն կարելի է խոսել Հայաստանի արտաքին քաղաքականությունում արմատական շրջադարձի մասին: Ներկա պահին Հայաստանում չկա որեւէ քաղաքակյան ուժ, որը պատրաստ է նման շրջադարձի:

Խնդիրն այն է, որ ԵՄ-ի հետ սկսելով ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին բանակցություններ, Հայաստանը չի կարող անդամակցել որեւէ այլ Մաքսային միության: Ազատ տնտեսական գոտու եւ Մաքսային միության տարբերությունն այն է, որ առաջինը կարգավորում է անդամ երկրների միջեւ հարաբերությունները, իսկ երկրորդը` անդամ երկրների երրորդ աշխարհի հետ հարաբերությունները: Այլ խոսքով` Մաքսային միությունները հանդիսանում են ազատ տնտեսական գոտիների առավել խորը ինտեգրված տարբերակը: Այսինքն` եթե Հայաստանը Մաքսային միություն կազմի Ռուսաստանի հետ, ապա պետք է նաեւ Ռուսաստանի հետ համաձայնեցնի ԵՄ-ի հետ առեւտրի պայմանները: Պատահական չէ, որ Մաքսային միության ներկայիս երեք անդաները`Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ԵՄ-ի հետ ինտեգրման լուրջ գործընթաց չեն սկսել, չեն արել դա նաեւ Մաքսային միության անդամ լինելու մեծ ցանկություն ունեցող Ղրղըզստանն ու Տաջիկստանը: Իսկ ահա Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը նման գործընթաց են սկսել, ինչը գրեթե բացառում է նրանց միանալը Մաքսային միությանը (եթե այդ երկրներն իսկապես լուրջ մտադրություն ունեն ԵՄ-ի հետ ազատ առեւտուր անել):

Այսպիսով` Տ. Սարգսյանի հոդվածը «Վեդոմոստիում» ոչ թե շրջադարձ է, կամ քաղաքական կոնյուկտուրայի փոփոխության արտացոլանք, այլ ընդամենը հիշեցում` ամեն ինչ շարունակվում է նախկինի պես:

Սամվել Ավագյան