Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Չեք էլ գիտակցում, թե ինչ հետևողականությամբ են քանդվում պետականության հիմքերը:

Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը:

հ.գ. Արցախի երեք նախագահն Բաքվում, մեկը՝ Երևանում»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են: Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։