Հարիսան հայկական ծիսական կերակրատեսակ է, որը հայտնի էր դեռ հեթանոսական շրջանից: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա կարծիքով` քրիստոնեության ընդունումից հետո հայկական ազգային խոհանոցն աղքատացել է:
Սակայն հայտնի խոհարարին այսօր ուրիշ բան է անհանգստացնում: Դեռ անցյալ տարվա վերջերին Թուրքիան կարողացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հարիսայի տարատեսակներից մեկը` քաշիքան («քեշքեք» անվամբ), ներկայացնել որպես թուրքական ազգային կերակրատեսակ: Իսկ Վրաստանն այսօր ջանքեր է գործադրում կարասագործության, գինեգործության եւ մեղվաբուծության բնօրրան ճանաչվելու համար: Սա, ըստ Ս. Մամուլյանի, նշանակում է, որ շուտով թոնիրը կճանաչվի վրացական կամ այլ ազգի սեփականություն:
Ըստ Ս. Մամուլյանի` այդ ջանքերին նպաստում են նաեւ որոշ հայ ազգագրագետներ, որոնք կասկածի տակ են վերցնում եւ թոնրի, եւ հարիսայի հայկական ծագումը: «Ակադեմիայի գիտնականները, ամեն օր տեսնում եք այդ տիկնոջը հեռուստացույցով (նկատի ունի Հրանուշ Խառատյանին, Ս.Ա.) ասում են, իսկ ի՞նչ է` թոնիրը հայկակա՞ն է: Մեզ ասում են` դուք ազգայնամոլ խոհարար եք, իսկ մենք` գիտնականներ: Ազգագրության ինստիտուտում մասնագետ կա, որ ասում է` գոյություն չունի ազգային խոհանոց, գոյություն ունի տարածաշրջանային խոհանոց: Ու ինքը ազգային խոհանոցի (ուտեստի) մասնագետն է, որ պետական բյուջեից աշխատավարձ է ստանում»,- ասաց Ս. Մամուլյանը:
Ի դեպ` NEWS.am-ը փորձեց նաեւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից տեղեկանալ, թե ինչպես են վերաբերում հարիսայի հայկական ծագմանը: Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց, որ ինստիտուտում կասկածի տակ են վերցրել հարիսայի հայկական ծագումը: «Ընդամենն ասել ենք, որ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ տարբեր էթնոսներ են եղել` հայեր, թուրքեր, արաբներ, պարսիկներ եւ այլն: Փոխադարձ ազդեցությունները շատ-շատ են եղել, ու կան դեպքեր, երբ չի կարելի ասել, թե տվյալ կերակրատեսակը զուտ հայկական է: Սակայն ազգագրության ինստիտուտում երբեք չեն ասել, թե հարիսան հայկական չի»,- ասաց Ս. Հոբոսյանը:
NEWS.am-ի խնդրանքով Ս. Մամուլյանը որոշ հիմնավորումներ ներկայացրեց հարիսայի հայկական ծագման վերաբերյալ: Նրա մեկնաբանմամբ` ամենակարեւոր ապացույցներևից մեկն այն է, որ հարիսայի հիմնական բաղադիչ ցորենի հայրենիքը Հայաստանն է, ու դա բոլորն էլ ընդունում են: «Ցորենի նախնական մշակմամբ զբաղվել են բացարձակապես հայերը, սա կարող եք տեղեկանալ Վիլյամ Վասիլեւիչ Պախլեբկինի գրքից («Աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցները»,- Ս.Ա.): Ձավարը նախնական մշակված ցորենն է` կեղեւը հանած: Բլղուլը մշակված ձավարեղենն է` խաշված, չորացված, աղացված: Փոխինդը նախնական մշակված ձավարեղենն է: Այս հումքերը զուտ հայկական ծագում ունեն: «Հարիսա» բառը զուտ հայկական ծագում ունի` «հարել» բառից է: Այստեղ ուրիշ բացատրություններ տեղին չեն, արաբները ցորենի հետ ի՞նչ գործ ունեն` չեմ հասկանում: Թող ցույց տան արաբական մի հեռավոր գյուղում մի տատիկ, որը ճանաչում է սանդը, երկանքը, որի միջոցով բլղուլ է պատրաստվում»,- ասաց Ս. Մամուլյանը:
Իսկ «քաշիքան», Ս. Մամուլյանի մեկնաբանմամբ, հարիսայի տարատեսակ է, ծիսական կերակուր, որը հարիսայից տարբերվում է նրանով, որ չի հարվում: «Շերտ-շերտ ձավարն ու միսը դրվում են եւ իջեցվում թոնիր: Սա հենց Նավասարդի ծիսական կերակուր է: Այն չի խառնվում, որ գալիք տարի խառնակ չլինի»,- ասաց Ս. Մամուլյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին բողոք չի ներկայացնում «քաշիքան» թուրքացնելու փորձի դեմ, Ս. Մամուլյանն ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայում ֆինանսապես կախված է Թուրքիայից, որն այդ կազմակերպության խոշորագույն դոնորն է` ԱՄՆ-ի ու Կանադայի կողմից ֆինանսավորման հրաժարումից հետո (կապված Պաղեստինը ճանաչելու հետ):
Պատրաստեց` Սամվել Ավագյանը



























