Իշխանական ճամբարում պտտվող խոսակցությունների համաձայն` երկարատեւ ժամանակ է, ինչ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերությունում հակասություններ են ծագել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Վերջին շրջանում հատկապես բախվել են սույն ընկերության բաժնետերերից երկուսի` ՀՀԿ-ական նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ այս տարիների ընթացքում ֆինանսական մեծ կապիտալներ կուտակած, գործարար Գենիկ Կարապետյանի միջեւ, որոնց հաշիվները կարծես թե խառնվել են իրար: Բանն այն է, որ Գենիկ Կարապետյանը, հատկապես 2011 թվականի ընթացքում, փորձել է ինքնուրույն խաղեր տալ «Վալլեքս Գրուպի» եւ արտասահմանյան մի քանի այլ կազմակերպությունների հետ` ըստ էության փորձելով չհրաժարվել կողմնակի եկամուտ ունենալու գաղափարից: Այս մասին իմացել է նաեւ Ճշմարիտյանը, որն իր հերթին Կարապետյանից հաշվետվություն է պահանջել` ասելով, որ այդ մասին ինքը տեղյակ կպահի նաեւ իրենց հիմնական բաժնետիրոջը, որն այս օրերին գործնական այցով գտնվում է արտերկրում:
Ավելացնենք նաեւ, որ «Մաքուր Երկաթ» ընկերության հետ կապված ոչ պակաս հետաքրքրություններ ունի նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ում հետ Կարապետյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Թե ինչ ընթացք կստանան այս խոսակցությունները, եւ եղած հակասությունն ինչ հանգուցալուծում կստանա` կտեղեկացնենք հաջորդիվ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























