Գյումրիում 10 օրից սկսվելու է երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման վիճակահանությունները, որի կապակցությամբ «Շիրակ Կենտրոնը» բաց նամակով դիմել է վարչապետին եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Այս պահին երեք սենյականոց բնակարանների շահառու 16 ընտանիքներ դուրս են մնում բնակարան ստանալու գործընթացից միայն այն պատճառով, որ այդ ընտանիքների անդամների վերաբերյալ ՀՀ կառավարաության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված ակնհայտ սխալ տեղեկատվության համաձայն` իբր թե նրանց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի անունով Երեւան քաղաքում կա մի շարք բնակարանների եւ առանձնատների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում: Եվ սա այն դեպքում, երբ այդ ընտանիքները 24 տարի շարունակ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, նրանցից շատերը գոյատեւում են սոցիալական նպաստներով եւ սեփական միջոցներով պարզապես չեն կարող հասնել Երեւան, օրերով չարչարվել եւ հերքել պետկադաստրի կողմից տրված սխալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնելով հարյուրավոր նման անհեթեթ իրավիճակում հայտնված ընտանիքներից վերոհիշյալ 16-ի ցուցակը` խնդրում ենք ձեր միաջամտությունը, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում եւս մեկ անգամ ստուգվեն այդ ընտանիքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում ունենալու մասին  ՀՀ պետկադաստրի կողմից տրված տեղեկատվությունը, ճշգրտված տեղեկությունները տրամադրվեն ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի բնակբաշխման հանձնաժողովի կողմից կայացվի համապատասխան որոշում եւ նրանց թույլատրվի մասնակցել բնակբաշխման վիճակահանությանը: Նախորդ նմանատիպ դեպքերից ելնելով` մենք համոզված ենք, որ համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո այս ընտանիքների սեփականություն ունենալու մասին փաստերը եւս կհերքվեն:

Քանի որ մեր նմանատիպ նախորդ գրությունը մնացել է անարձագանք, մենք ստիպված ենք ձեզ դիմել բաց նամակով, ինչպես նաեւ կից հրապարակել վերոհիշյալ 16 ընտանիքների ցուցակները»: