Թերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանի հետ.
Պրն Հովհաննեսյան, հայաստանյան մամուլը հեղեղված է վերջերս DIY ակումբի հրկիզման եւ հրկիզման մեջ կասկածյալների՝ կալանքը գրավով փոխարինելու մասին նյութերով: Ակումբի տերը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից, քանի որ դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանն են վճարել գրավը:
Ես խորհուրդ կտամ ակումբի տերերին եւ նրա ներքին ու արտաքին հովանավորներին ձեռնպահ մնալ քրեական հանցագործությունը քաղաքականացնելուց: Գործը գտնվում է նախաքննության փուլում եւ, հույս ունենք, որ անաչառ քննությունը կպարզի` ովքե՞ր են այդ չարագործության հրահրողները, կազմակերպիչները եւ իրականացնողները: Մինչ նախաքննության ավարտը պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ եւ զրպարտությունների միջոցով քաղաքական կապիտալ վաստակել:
Այնուամենայնիվ, նշվում է, որ ձերբակալված երկու երիտասարդներն ազգակցական կապ ունեն ՀՅԴ նախկին բարձրաստիճան գործչի հետ, իսկ երաշխավորողներն ու գրավը վճարողները ՀՅԴ անդամներ են:
Խնդիրը չի կարելի ընդհանուր համատեքստից դուրս նայել: Ինչպես իր հայտարարության մեջ նշել է Արծվիկ Մինասյանը. «Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա»: Ավելին` ՀՅԴ նախընտրական ծրագրի «Ազգային-ժողովրդավարական ժամանակակից պետության կառուցում» բաժնում մենք շեշտել ենք«կալանավորումը՝ որպես խափանման միջող կիրառելու դեպքերի նվազեցման» կարեւորությունը: Դաշնակցությունը երբեք ընտրություններից հետո չի մոռանում ընտրություններից առաջ տված իր խոստումները: Այս համոզմունքից մեկնելով` Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը, անձնական նախաձեռնությամբ, հանդես եկան կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ: Միջնորդության համար հիմք է ծառայել կասկածյալների նվազ հասարակական վտանգավորությունը, եւ որ նրանց ազատության մեջ գտնվելը չի կարող խոչընդոտել նախաքննության ընթացքին: Բուն հանցագործության էությունը կամ թիրախը որեւէ գործոն չեն հանդիսացել պատգամավորների որոշման համար:
Կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել, երբ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը, ինչպես նաեւ այլ դաշնակցական պատգամավորներ նման նախաձեռնություն են ցուցաբերել: Հետեւաբար, աբսուրդին սահմանակից մեղադրանքները, որ Դաշնակցությունն է կազմակերպել, ուղղորդել այդ երիտասարդներին, հիմնազուրկ են: Դրանք ուղղորդվում են այն քաղաքական ուժերի կողմից, որոնք չեն կարողանում հանդուրժել Դաշնակցության գործունեությունը թե Հայաստանում, թե Սփյուռքում` ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, մարդու իրավունքները հարգելուն, սոցիալական համերաշխության հաստատմանը եւ հայության շահերի պաշտպանությանը: Վստահ եմ` շատերին դա դուր չի գալիս եւ նրանք ոչ մի քայլից չեն խորշի Դաշնակցությանը վարկաբեկելու համար: Իսկ Ծոմակն այս մեծ խաղում մի փոքրիկ դերակատար է, ով արդեն, հավանաբար, ստացավ իր վարձատրությունը` հայտնվելով հեռուստացույցերի էկրաններին եւ թերթերի էջերին:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում հրկիզման փաստին:
Տեղի է ունեցել հանցագործություն: Հանցագործության բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն ու պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մարդկանց սեփականության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել, պատճառվել է նյութական վնաս: Ամենը պետք է փոխհատուցվի: Եթե այդ հաստատությանը կամ նրա տերերին վտանգ է սպառնում, ապա պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել թե հաստատության, թե դրանց տերերի եւ հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար:
Ոմանք, առիթից օգտվելով, Դաշնակցությանը սկսեցին մեղադրել հոմոֆոբիայի եւ սեռական փոքրամասնությունների դեմ պայքար ծավալելու մեջ:
Գիտեք` 122 տարվա ընթացքում Դաշնակցությանը պարբերաբար շինծու մեղադրանքներ են ներկայացվել: Նույնիսկ դրա մասին երգ կա: Ինչպես արդեն նշեցի, Դաշնակցությունը պայքարում է Հայաստանում ժողովրդավարության եւ սոցիալական համերաշխության համար: Դաշնակցությունը միշտ պայքարել է ազատ կամքի բռնության դեմ, քանի որ ազատ կամքի դեմ բռնությունը եւ խտրական վերաբերմունքը որեւէ մեկի նկատմամբ խաթարում են հասարակության ներդաշնակություն ու դուռ բացում արտաքին թշամիների նկատմամբ: Ուստի, մենք որեւէ ֆոբիա որեւէ մեկի նկատմամբ երբեք չենք քարոզել, քանի որ դա դեմ է հենց Դաշնակցության բնույթին: Չենք ժխտում, որ հասարակության մեջ առկա են տարբեր մոտեցումներ սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Փոքրամասնություններն ընդհանրապես` ազգային, կրոնական, ռասսայական եւ այլն, հաճախ են անհանդուրժողականության թիրախ դառնում, բայց Դաշնակցության համոզումն է` օրինապաշտ մարդկանց քաղաքացիական իրավունքների սահմանափակումը կամ նրանց նկատմամբ բռնություն կիրառելն անթույլատրելի են:




























