Հայտնի գործարար  Վալերի-Աշխեն Գործունյանը եւ իր նախկին ամուսին Վազգեն Ասատրյանի միջեւ շարունակվում է պայքարը «ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի սեփականության համար:

Վալերի-Աշխեն Գործունյանին պատկանող «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ն գրանցել էր Վազգեն Ասատրյանին պատկանող «Ֆրանսիական սուրճ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան` փորձելով օգտագործել այդ անվանումը սուրճի արտադրության մեջ: Առաջին ատյանի դատարանում այդ գրանցումը անվավեր էր ճանաչվել եւ հաստատվել էր «Ֆրանսիական սուրճ» անվանման նկատմամբ Վազգեն Ասատրյանի ընկերության իրավունքները:

Վալերի-Աշխեն Գործունյանի ընկերությունը դիմել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան վիճարկելով իր դեմ կայացված վճիռը: Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց Փարիզյան սուրճ ընկերության վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը որով Ֆրանսիական սուրճ ՍՊԸ-ի հայցով անվավեր էր ճանաչվել «Փարիզյան սուրճ ընկերության կողմից կատարված «ֆրանսիական սուրճ» ապրանքային նշանի գրանցումը:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վալերի-Աշխեն Գործունյանի անձի նկատմամաբ եւ նրա նախկինում արված որոշ հրապարակային հայտարարությունները Վազգեն Ասատրյանի ընկերությանը երկու ատյաններում ներկայացրած DEFENSE իրավաբանական ընկերության փաստաբանները, մեկնաբանելով իրենց հաղթանակը նշում են, որ վեճը բացառապես օրենսդրական եւ տնտեսական խնդիրների հարթության մեջ է, եւ չի կարելի դատական այս վեճը դիտարկել քաղաքական  կամ նախկին ամուսինների անձնական կոնֆլիկտների համատեքստում: